Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ հիմնական ախտորոշումն այն է, որ Եվրոպայի տարածքում ժողովրդավարությունն անկում է ապրում». ԵԽ գլխավոր քարտուղար

«Իմ հիմնական ախտորոշումն այն է, որ Եվրոպայի տարածքում ժողովրդավարությունն անկում է ապրում». ԵԽ գլխավոր քարտուղար
Միջազգային
12:08, 29 сентябрь 2021
«Իմ հիմնական ախտորոշումն այն է, որ Եվրոպայի տարածքում ժողովրդավարությունն անկում է ապրում»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում պատվիրակների հետ հարցուպատասխանի ժամանակ ցավով արձանագրեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Նա տարեկան զեկույցն անվանել է «Եվրոպայի ժողովրդավարական նորացում»: Ըստ ԵԽ գլխավոր քարտուղարի՝ իհարկե, զեկույցը ծանր փաստաթուղթ է, բայց նաև այն տալիս է բոլոր այն հարցերի պատասխանները, թե ինչպես պետք է հաղթահարել խնդիրները. հիմնական միջոցը Եվրոպայի խորհրդի բոլոր սկզբունքների իրականացումն է:

Ուկրաինացի պատվիրակ Լեսիա Վասիլենկոն հայտարարելով, որ Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է, ԵԽ գլխավոր քարտուղարից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարող են անել, որպեսզի երկխոսությունը ոչ թե զուտ ձևական պաշտոնական բնույթ կրի, այլ որ իրապես երկրներին պարտավորեցնեն կատարել իրենց հանձնառությունները և չշեղվեն ժողովրդավարական ուղուց: Նա առաջարկեց՝ գուցե դրա համար ներդրվեն հատուկ մեխանիզմներ և ստեղծվի հատուկ խումբ:

Այս առիթով Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ասաց. «Եվրոպայի խորհուրդը գործ ունի այսպես կոչված ժողովրդավարական անվտանգության հետ: Դրանք 223 տարբեր կոնվենցիաներն են, որոնք պարտադիր են բոլոր անդամ երկրների համար: Սա նաև ճանապարհ է, որով կարող է ԵԽ-ն անդրադառնալ ժամանակավորապես օկուպացված տարածքներին կամ հետհակամարտության շրջաններին: Բայց մենք անվտանգային կազմակերպություն չենք: Դա այլ կազմակերպությունների գործունեության ոլորտն է: Ինչ վերաբերում է չլուծված հակամարտությունների գոտիներին, դրանք միշտ եղել և հիմա էլ մնում են ԵԽ օրակարգային հարցը բարձր մակարդակով: ԵԽ անդամ երկրների տարածքում գտնվող ցանկացած անձ պետք է պաշտպանված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներով: Հենց այս նպատակով էլ ԵԽ -ն մշտապես խնդրում է այդ տարածքներում գտնվող մեր դիտորդական և այլ մարմինների անարգել մուտքի ապահովումը: Մենք բոլորս գիտենք, որ դա միշտ չէ, որ հնարավոր է, բայց, որպես Գլխավոր քարտուղար, ես միշտ կխնդրեի այդ հասանելիությունը, քանի որ միայն այդ խնդրահարույց վայրեր մուտք գործելով՝ կարող ենք վստահ լինել, որ մեր դիտորդական և խորհրդատվական մարմինների գնահատումը կլինի համապատասխան: Բայց կարևոր է, որ երկիրը կամ երկրները ներգրավված լինեն այս գործընթացում: Օրինակ, մենք վերջերս բանակցություններ սկսեցինք Հայաստանի և Ադրբեջանի հետ`այս երկու երկրների միջև նաև վստահության կառուցման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ: Միայն մեկ պարագայում դա կշարունակենք անել, եթե երկու երկրներն էլ համաձայնվեն: Վստահության կառուցման մեխանիզմներ՝ անունն էլ հուշում է, որ դա մի գործիք է, որը թույլ է տալիս երկխոսություն ապահովել այն երկրների միջև, որոնք միմյանց հետ հարաբերվելու, բանակցություններ վարելու հնարավորություն չունեն»: