Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մոսկվայում այսօրվա հանդիպումից հետո նոր պարզ կլինի՝ այդ առաջարկն ապագա ունի՞, թե՞ ոչ»․ կարծիքներ 3+2 ձևաչափին Հայաստանի մասնակցության վերաբերյալ

«Մոսկվայում այսօրվա հանդիպումից հետո նոր պարզ կլինի՝ այդ առաջարկն ապագա ունի՞, թե՞ ոչ»․ կարծիքներ 3+2 ձևաչափին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
Միջազգային
12:30, 10 декабрь 2021
Այսօր Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների տեղակալները կհանդիպեն Մոսկվայում՝ «3+2» ձևաչափի շրջանակներում։ Այս մասին նախօրեին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «ՀՀ-ն մասնակցելու է արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, որտեղ պետք է քննարկվեն հետագա անելիքները»։

Հիշեցնենք, որ այս ձևաչափի վերաբերյալ ՀՀ-ն արտաքին գործերի նախարարության և վարչապետի մակարդակով հայտարարել էր, որ հայկական կողմի համար այս ձևաչափն ընդունելի է, եթե այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ գոյություն ունեն այլ ձևաչափեր։ Սա ԱԺ-ում ևս մեկ անգամ վերահաստատեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նաև նշեց, որ ռուսաստանցի գործընկերներից ունեն ազդակ, որ իրենք ևս կիսում են այդ տեսակետը։

Թե հարցերի ի՞նչ շրջանակի մասին կարող է քննարկումներ գնալ այդ ձևաչափում, երբ Արցախի հարցը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման և ճանապարհների ապաշրջափակման թեմաներով կան եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափերը, տնտեսական հարցերով գոյություն ունի ԵԱՏՄ, որի անդամ են Հայաստանն ու Ռուսաստանը, փորձեցինք տեսակետ իմանալ վերլուծաբան Հակոբ Բադալյանից։
 
Բադալյանը կարծիք հայտնեց, որ այդ ձևաչափը բավական հեռու է կոնկրետ որևէ օրակարգային քննարկում ունենալու հեռանկարից, և պարզ չէ, թե երբ կմոտենա այդ հեռանկարին։ «Կարծում եմ՝ դեռ վաղ է մտածել, որ գործ ունենք վերջնական ձևավորված կամ ձևավորմանը մոտեցող պրոցեսի հետ։ Այդպիսի հանդիպումներ դեռ կլինեն, բայց չեմ կարծում, թե կոնկրետ օրակարգային քննարկումներ լինեն։ Հայաստանի համար միևնույն ժամանակ շատ կարևոր է պահել այդ նշաձողը՝ թույլ չտալ, որ Հայաստանի համար անվտանգային կենսական հարցերը բերվեն այդ «3+2»-ի ֆորմատ»,- ասաց Հակոբ Բադալյանը։ 

Վերլուծաբանի կարծիքով՝ այս ձևաչափում հնարավոր է քննարկելի լինեն հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր, օրինակ՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցը, այն չկապելով Արցախի հիմնահարցի կամ հայ-ադրբեջանական հարցերի հետ։  
Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Ռուսաստանի համար այս ձևաչափը ոչ թե նպատակ է, այլ գործընթաց, որը նա դիտարկում է իր՝ ավելի լայն ռազմավարության համատեքստում։ Այսինքն՝ ռուսները ձգտում են Կովկասում առանձնահատուկ դերի, ըստ այդմ՝ հակված չեն հավասարաչափ դերակատարում տալ Թուրքիային և Իրանին։ «Իհարկե, հաշվի են առնում  Թուրքիայի և Իրանի հետ աշխատելու անհրաժեշտությունը, հատկապես, որ դիմակայության և ծանր քննարկումների մեջ են ԱՄՆ-ի հետ և չեն փորձում հակադրվել Թուրքիային և Իրանին, բայց մեծ հաշվով ձգտում են առանձնահատուկ դերակատարման և այնքան էլ շահագրգռված չեն, որպեսզի «3+2»-ը հաստատվի, ձևավորվի և դուրս մղի մնացյալ բոլոր ֆորմատները»,- ասաց Բադալյանը։  

Թուրքիայի համար, ըստ Բադալյանի, սա նպատակ է հետապնդում կապիտալիզացնել այն, ինչին հասան Արցախի դեմ պատերազմի ընթացքում, այսինքն՝ ռեգիոնում ստանալ արդեն քաղաքական կարգավիճակ։

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, հղում անելով վարչապետի երեկվա ասածներին, ասաց, որ հանդիպումը ճանաչողական է, որևէ բովանդակային քննարկում այն չի ենթադրում, և այս ձևաչափի հիմնադրման հանդիպում չէ դեռևս։ «Մեր երկրի ներկայացուցիչը պետք է պարզի՝ արդյոք մեր դիրքորոշումը պահպանելով հնարավո՞ր է այլ օրակարգեր քննարկել, որոնցում մեր շահերը առաջ կմղվեն, իսկ մեր սկզբունքը մնում է անփոփոխ»,- ասաց Անուշ Բեղլոյանը։ 

Եթե փորձ արվի գոյություն ունեցող շրջանակներից հարցեր հանել և բերել այս հարթակ, Հայաստանը պատրա՞ստ է դուրս գալ այս ձևաչափից՝ հարցին Անուշ Բեղլոյանը պատասխանեց. «Դեռևս չենք էլ անդամակցում, որ դուրս գանք։ Ոչ մի բան չենք մերժում, որովհետև սա որևէ բան չպարտադրող, ճանաչողական հանդիպում է, և մեր դիրքորոշումը մենք պաշտոնապես հայտնել ենք, որ գործող ձևաչափերից մենք չենք կարող շեղվել և այդ հարցերը չենք կարող բերել որևէ նոր ձևաչափեր»։

Անուշ Բեղլոյանը նկատեց նաև, որ գոյություն ունեցող ձևաչափերում ահագին մեծ աշխատանք կա արված և անելիքներ դեռևս կան, և ծանրաբեռնվել նոր ձևաչափերում՝ այս պահին մեր կողմի համար անարդյունավետ է։ «Այդ հանդիպումից հետո նոր պարզ կլինի՝ այդ առաջարկն ապագա ունի՞, թե՞ ոչ։ Դեռևս դա էլ և՛ մեզ, և՛, ինձ թվում է, այլ մասնակիցներին նույնպես այնքան էլ պարզ չէ»,- ասաց Անուշ Բեղլոյանը։ 

Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսված էր «3+3» ձևաչափ ստեղծել, որում ներգրավված պետք է լիներ նաև Վրաստանը, սակայն մեր հարևանները հրաժարվեցին մասնակցություն ունենալ այս ձևաչափում՝ մատնանշելով Ռուսաստանի հետ հարաբերություններն ու տարածքային վեճերը։ Այդպիսով, «3+3» ձևաչափը վերափոխվեց «3+2»-ի։

Վովա Հակոբյան