Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ն հարցաքննում է «առևանգված» օդանավի ավիաընկերության աշխատակիցներին

ԱԱԾ-ն հարցաքննում է «առևանգված» օդանավի ավիաընկերության աշխատակիցներին
Միջազգային
11:58, 17 март 2021
Իրանում հայտնված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության ամերիկյան արտադրության Boeing 737-700 օդանավի դեպքով դեռևս մարտի սկզբին ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել։

Civic.am-ի տեղեկություններով ներկայումս ԱԱԾ-ում հարցաքննվում են «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության աշխատակիցները։ Այս տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԱԾ հասարակայնության հետ հարցերի պատասխանատու Սարգիս Գևորգյանին, սակայն վերջինս խմբագրությունից գրավոր հարցում պահանջեց։ 

Երեկ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետի տեղակալ Տիգրան Հարությունյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այսինքն՝ օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելուն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը քննվում է նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելուն։

Հիշեցնենք, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության կողմից վարձակալած Boeing 737-700 Ինքնաթիռը պետք է Տալինից թռներ դեպի Ուկրաինա, այնտեղ անցներ տեխնիկական սպասարկում և գար Հայաստան, սակայն առանց ընկերության համաձայնության փոխվել է թռիչքուղին, և ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում։ «Առևանգված» օդանավը ՔԱԿ-ի թույլտվությամբ մարտի 13-ին պետք է բերվեր Երևան, սակայն այն դեռևս շարունակում է մնալ Թեհրանում։ Civic.am-ի հետ զրույցում ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը նշել էր, որ օդանավը Հայաստան չբերելու պատճառը տեխնիկական է և չկա հստակ ժամկետ, թե երբ կլուծվի խնդիրը։

Նշենք, որ Իրանը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում, և միացյալ նահանգների օրենսդրությամբ արգելվում է Իրանին ձեռք բերել ամերիկյան արտադրության ինքնաթիռներ ու ավիացիոն պահեստամասեր, նույնիսկ երրորդ երկրների միջոցով։ 
  
 
Նարա Խարազյան