Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է․ Անիի հայկականությունը և մշակութային ինքնության աղավաղման թուրքական քաղաքականությունը

Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է․ Անիի հայկականությունը և մշակութային ինքնության աղավաղման թուրքական քաղաքականությունը
Միջազգային
17:08, 04 май 2022
▪ 2022 թ.-ի մարտի 14-ին թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը հրապարակում է մի հոդված, որ վերնագրված է այսպես՝ «Երկու ամսում 34․500 զբոսաշրջիկ է այցելել Թուրքիայի հնագույն քաղաք Անի»: Առաջին հայացքից այս լուրը թվում է անվնաս և անգամ դրական, քանի որ մեծ թվով մարդիկ են ծանոթացել հնագույն քաղաքին, նրա հիասքանչ մշակութային ժառանգությանը։ Սակայն եթե ուշադիր կարդաք բուն տեքստը, կհասկանաք, որ այդ անմեղ տեղեկատվության տողատակերում բոլորովին այլ նպատակ է դրված՝ փոխել հայկական միջնադարյան ժառանգության ինքնությունը։

▪ Անին միջնադարյան Հայաստանի ամենածաղկուն քաղաքաներից էր։ Նրա տարածքը բնակեցված է եղել դեռ հնագույն ժամանակներից (դրա մասին են վկայում կիկլոպյան կառույցների մնացորդներն ու դամբարանադաշտը)։ Անին որպես ամրոց հիշատակվում է դեռևս 5-րդ դարից։

▪ Փոքր-ինչ ծանոթ լինելով քաղաքի պատմությանը՝ դժվար է պատկերացնել մի տեքստ, որ խոսում է Անիի մասին՝ չնշելով քաղաքի հայկականությունը։ Թուրքական Դեյլի Սաբահին, սակայն, դա հաջողվել է։ Հոդվածը ոչ միայն չի անդրադառնում Անիի հայկականությանը, այլև նույնիսկ փոխում է քաղաքի ինքնությունը՝ ներկայացնելով որպես իսլամական մշակութային ժառանգություն։ Մասնավորապես՝ նյութի մեջ նշվում է, թե քաղաքը «11-րդ և 12-րդ դարերի իսլամական ճարտարապետական բազմաթիվ աշխատանքների օրրան է»։

▪ Նույն խնդիրն ունի նաև քաղաքում տեղադրված տեղեկատվական ցուցանակը, որը ևս Անին ներկայացնում է որպես իսլամական մշակույթի նմուշ և որևէ կերպ չի անդրադառնում նրա հայկականությանը։

▪ Թուրքիան բավական վաղուց է որդեգրել այս մոտեցումը․ կրոնական կոթողների իսլամացումը դարերի պատմություն ունի այդ երկրում։ Նման օրինակ է Կարսի Սուրբ Առաքելոցը, որը եկեղեցուց կրկին մզկիթի է վերածվում, երբ Կարսը թուրքական իշխանության ձեռքն է անցնում։

▪ Թուրքիան այս քաղաքականությունը չի վարում միայն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․ դրա ամենավառ օրինակն է Սուրբ Սոֆիայի տաճարը, որը մինչև 2020-ի հուլիսի 10-ը գործում էր որպես թանգարան, իսկ հուլիսի 10-ից վերածվեց մզկիթի։ Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է դեռևս 19-րդ դարում սկսած և Հայոց ցեղասպանության ընթացքում գագաթնակետին հասցրած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը՝ ավերումն արդեն նենգափոխման հետ զուգակցելով: