Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարսի ճանապարհը կվերակագնվի մեկշաբաթյա ժամկետում․ այս պահին չեզոք գոտում կա մոտ 300 հայկական բեռնատար․ Տեսանյութ

Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով երեկ գիշերվանից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի ճանապարհի մի մասը, որը համարվում է չեզոք գոտի։

Civic.am-ի հետ զրույցում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ասաց, որ այս պահին աշխատանքներն են տարվում, որպեսզի ճանապարհը հնարավորինս արագ բացվի։ 

 «Բնականաբար, մենք հիմա աշխատում ենք մեր Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ, հնարավորինս արագ խնդիրը լուծելու համար և նորմալ ընթացք վերադառնալու համար։ Սա ֆորսմաժոր է, որը կարող է պատահել,  երբեմն մենք այդպիսի դեպքերի ականատաես լինում ենք։ Ցավոք սրտի այս անգամ դա տեղի ունեցավ գյուղատնտեսական սեզոնին»,-ասաց Գևորգ Պապոյանը։ 

Պապոյանը նշեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների ճանապարհը կվերակագնվի մեկշաբաթյա ժամկետում, գուցե ավելի շուտ։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին ռուսական կողմում մոտ 700 բեռնատար կա, որոնք դատարկ են, իսկ վրացական կողմում առկա բեռնատարների թիվը մոտ 300 է։ Սոնա Հարությունյանը նաև նշեց, որ այս պահին ակտիվ քննարկվում են բեռների տեղափոխման այլընտրանքային տարբերակները։ 

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Անահիտ Խեչոյանն էլ տեղեկացրել է, որ այս պահին ապրաքներից ծիրանն է շատ տեղափոխվում, որը շուտ փչացող միրգ է, և բեռների երկար կանգնելու հետևանքով բնականաբար լուրջ վնասներ կլինեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան