Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում պատերազմի «այգու» բացումը կոչվում է սովորական ֆաշիզմ․ Վլադիմիր Վարդանյան

«Ադրբեջանում սարսափելի «հաղթանակի» հետ կապված այգու հարցերն ենք մենք բոլորս քննարկում։ Ձեզ տեղեկացնեմ, որ որևիցե արտառոց բան չկա, այն ինչ տեղի է ունենում Ադրբեջանում կոչվում է սովորական ֆաշիզմ»,- այսօր՝ ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից այս ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ 

Նա, շարունակելով իր ելույթը, նշեց, որ Ադրբեջանում ձևավորվել է ռասիստական հասարակարգ, և կրկին ապրիլին, Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց՝ կրկին ցեղասպանական նպատակը իրագործվում է․ «Երբ ես ստիպված էի դիտել այդ լուսանկարներն ու վիդեոները ես հիշեցի պատկերներ՝ նացիստական ռեժիմի կողմից կատարած վայրագություններին վերաբերող թանգարաններից»։ 

Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց նաև, որ Ադրբեջանի հարցում Հայաստանը գործ ունի մի պետության հետ, որին պետություն չի կարելի անվանել․ «Մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, որը նույնիսկ իր սեփական պատմության հիշատակը չի հարգում՝ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը։ Արցախում արդեն քանի հուշարձան է քանդվել, որոնք նվիրված են այն հայերին, որոնք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, քանդվում է մշակույթը՝ կրոնական, էթնիկ, վերացվում է հիշողությունը։ Ամեն ինչ արվում է, որպեզի հայերը որպես այդպիսին հնարավորինս փոքր տարածքային արեալ ունենան հայերը։ Եվ այդ ճանապարհին նրանք փորձում են հաջողությունների հասնել, բայց այդ հաջողությունների հասնելն անհնար է լինելու»։ 
Պատգամավորը հիշատակեց նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հայ ազգը միասնական՝ ազգովին է պայքարելու, որպեսզի մեկ օր այդ ոճրագործությունները կատարողները ենթարկվեն արժանի պատմական պատժի և դրա բոլոր հետևանքները վերանան։ 
 
Հիշեցնենք, որ երեկ Բաքվում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ավարների ցուցադրման պուրակ, որտեղ ներկայացված են հայկական կողմից Ադրբեջանին անցած ռազմական ավարները։