Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 8-րդ փաթեթը

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 8-րդ փաթեթը
Միջազգային
14:22, 06 октябрь 2022
Եվրամիությունն այսօր հաստատել է հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որի շրջանակներում, մասնավորապես, ստեղծել է իրավական բազա՝ սահմանելու համար Ռուսաստանի Դաշնությունից նավթի գների «առաստաղ»։  
 
«Խորհուրդն այսօր որոշում է կայացրել Ռուսաստանի դեմ սահմանել տնտեսական և անհատական պատժամիջոցների նոր փաթեթ»,- ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։ 

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն, մասնավորապես, իրավական բազա է ստեղծում՝ իրականացնելու համար երրորդ երկրներ ռուսական նավթի ծովային փոխադրումների գների «առաստաղը», ինչպես նաև այլ սահմանափակումներ երրորդ երկրներ հում նավթի և նավթամթերքների ծովային փոխադրումների համար։ 
Նոր պատժամիջոցներով արգելվում է  նաև ԵՄ քաղաքացիներին ռուսական որոշ պետական ընկերություններում բարձր պաշտոններ զբաղեցնել:

Բացի դրանից, պատժամիջոցների նոր փաթեթով արգելվում է Ռուսաստան արտահանել մի շարք ապրանքներ, այդ թվում՝ «ավիացիոն ոլորտում օգտագործվող տեխնիկական արտադրանք»։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է Եվրահանձնաժողովի կայքում։ 
Ընդհանուր առմամբ, սահմանվող արտահանման սահմանափակումներն ուղղված են «կրճատելու Ռուսաստանի հասանելիությունը ռազմական, արդյունաբերական և տեխնոլոգիական ապրանքներին, ինչպես նաև սահմանափակելու նրա կարողությունները՝ զարգացնելու պաշտպանական և անվտանգության ոլորտը», ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Եվրամիությունը պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում սահմանել է նաև լրացուցիչ սահմանափակումներ մոտ 7 միլիարդ եվրոյի ծավալով ռուսական արտադրանքի ներմուծման վրա։
Ինչպես բխում է Եվրահանձնաժողովի հայտարարությունից, կարգելվի Ռուսաստանից ԵՄ ներմուծել պատրաստի արտադրանք և պողպատից կիսաֆաբրիկատներ (որոշ կիսաֆաբրիկատների համար սահմանվելու է անցումային շրջան), մեքենաներ և սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ։ 

Արգելքը կվերաբերի նաև պլաստմասսային, տեքստիլին, կոշկեղենին, կաշվին, կերամիկային, որոշ քիմիական արտադրության ապրանքների և ոչ ոսկյա զարդերին: