Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը «փոխել է մարտավարությունը» և Ուկրաինայում իրականացրել «խառը գրոհ»՝ դրոնների և հրթիռների կիրառմամբ

Ռուսաստանը «փոխել է մարտավարությունը» և Ուկրաինայում իրականացրել «խառը գրոհ»՝ դրոնների և հրթիռների կիրառմամբ
Միջազգային
12:15, 16 февраль 2023
Ռուսաստանը փետրվարի 16-ի լույս գիշերը «խառը գրոհ» է իրականացրել՝ օգտագործելով հրթիռներ ու անօդաչուներ։ Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Նատալյա Գումենյուկը։ 

Մասնավորապես, նրա խոսքով՝ ռուսական զորքերը արձակել են «Կալիբր» ութ հրթիռ։ Բոլոր հրթիռները, հաղորդել է Գումենյուկը, խոցվել են. վեցը՝ Նիկոլաևի մարզում, երկուսը՝ Խերսոնի։

«Ցավոք սրտի, դրա հետ մեկտեղ հակառակորդը կիրառել է նաև հարվածի այլ մեթոդներ՝ դա խառը գրոհ էր, մասնավորապես՝ դրոնների և ռազմավարական ավիացիայի ինքնաթիռների կիրառմամբ։ Մենք գիտենք, որ նշանառել են Լվովի մարզում»,- ասել է նա։ 

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին հայտարարել է, որ ռուսական զորքերը «փոքր-ինչ փոխել են իրենց մարտավարությունը»։ «Նրանք իրականացնում են ակտիվ հետախուզություն՝ օգտագործելով կեղծ թիրախներ»,- գրել է Երմակը Telegram-ում՝ ընդգծելով, որ ՀՕՊ-ը «հաջողությամբ հաղթահարել է թշնամու հրթիռների և ԱԹՍ-ների մեծ մասը»:

 Երմակի տվյալներով՝ հարձակումից տուժել է ոչ միայն Լվովի մարզը։ «Հարվածներ կան Ուկրաինայի հյուսիսում, արևմուտքում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի և Կիրովոգրադի մարզերում»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը՝ չհստակեցնելով պատճառված վնասի չափը։

Լվովի և Դնեպրոպետրովսկի մարզերում վնասվել են ենթակառուցվածքների օբյեկտներ: