Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարավորություններ կան, որ Թուրքիայի դեմ այս գանգատն էլ կընդունվի ՄԻԵԴ-ում

Հնարավորություններ կան, որ Թուրքիայի դեմ այս գանգատն էլ կընդունվի ՄԻԵԴ-ում
Միջազգային
12:08, 23 май 2021
Կան բավարար հիմքեր այն գործընթացի համար, որ Հայաստանն ընդդեմ Թուրքիայի միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ բայց նախ պետք է սպասել, որ գանգատն ընդունվի, կարևորը՝ չմերժվի, որովհետև վիճելի հարց է՝ Թուքիան սուբյեկտ է, թե ոչ։ «Բայց քանի որ մի դիմում բավարարվել է՝ թիվ 35 կանոնի հիման վրա, ուրեմն հնարավորություններ կան, որ այս գանգատն էլ կընդունվի։ Սա միջպետական դատավարության մեկնարկ է»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այս գանգատի արդյունքում ՄԻԵԴ կողմից վճիռ կարող է լինել, որ Թուրքիան խախտել է կոնվենցիայի որևէ դրույթ։

«Ես կարծում եմ, որ հիմքեր կան Թուրքիայի դեմ նման գանգատ ներկայացնելու համար, որովհետև Թուրքիան ոչ կառուցողական մոտեցում է ունեցել։ Էական ազդեցություն է ունեցել տարածաշրջանում 44-օրյա պատերազմի ելքի վրա, իսկ դա նշանակում է, որ պատերազմի բոլոր այն հանցագործությունները, որոնք կատարվել են ու ֆիքսվել են որպես ապացույցներ, այդ թվում՝ վարձկանների ներկայությունը, վերագրվում է նաև Թուրքիային։ Նման դատավարություններում ապացուցողական խնդիրներն են բարդ։ Հայկական կողմը, որքան գիտեմ, մասսայական կերպով ապացույցները հավաքում, ամրագրում ու ներկայացնում է դատարան։ Մասնագետներ են աշխատում այդ ուղղությամբ»,- ասաց Արա Ղազարյանը։

Նշենք, որ մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: Այս մասին տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայի Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս դատավարությունից հույս կարող ենք ունենալ, բայց հաջողության հասնելու համար միայն իրավական գործընթաց նախաձեռնելը բավարար չէ։ «Դրան զուգահեռ անպայման պետք է տեղի ունենան քաղաքական շատ ակտիվ միջոցառումներ և գործառույթներ»,- ասաց նա։

Ըստ Ալավերդյանի՝ հայկական կողմն ունի անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան այս պատերազմում աջակցել է Ադրբեջանին։
«Մենք ունենք նաև շատ հեղինակավոր անձանց վկայություններ՝ Մակրոնի մակարդակով և այլն։ Այսինքն՝ պետությունների ղեկավարների մակարդակով է հնչեցվել, որ Թուրքիան մասնակցություն է ունեցել, իսկ նրանք առանց հիմքերի նման հայտարարություններ չեն անի։ Դրա համար ես կարծում եմ, որ սա այն պահն է, երբ ոչ թե պետք է ամեն ինչ բացատրվի նրանով, որ մենք պարտվել ենք պատերազմում, այլ պետք է գործել։ Չկա այդպիսի միջազգային պահանջ, որ եթե դու պարտվել ես, պետք է անընդհատ զիջումների գնաս»,- հավելեց Ավալերդյանը։