Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզիյոևը ձայների 87,05 %-ով վերընտրվել է Ուզբեկստանի նախագահ

Միրզիյոևը ձայների 87,05 %-ով վերընտրվել է Ուզբեկստանի նախագահ
Միջազգային
11:46, 10 июль 2023
Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,5%-ը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Զայնիդդին Նիզամխոջաևը։

«Նախնական տվյալներով՝ Միրզիյոևի օգտին իր ձայնն է տվել 13.625.055 մարդ կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների 87,5 տոկոսը»,- մանրամասնել է նա։

«Ուզբեկստանի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ սա իրավունք է տալիս Միրզիյոևին համարել պետության ընտրված ղեկավար։ 
Ուզբեկստանի նախագահական ընտրություններին գրանցվել է ավելի քան 19,5 միլիոն ընտրող, նրանցից քվեարկել է 15.671.405-ը: Հունիսի 28-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում վաղաժամ քվեարկել է ավելի քան 800.000 ընտրող, այդ թվում՝ մոտ 188 հազարը՝ արտերկրում։

Միրզիյոևն Ուզբեկստանի նախագահ է ընտրվել 2016 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններում՝ պետության առաջին ղեկավար Իսլամ Քարիմովի մահից հետո, որը երկիրը ղեկավարել է 1989 թվականից։ 2021 թվականի հոկտեմբերին Միրզիյոևը հաղթեց նոր ընտրություններում՝ հավաքելով ձայների 80,12 տոկոսը։