Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում․ Միշելի բացառիկ հարցազրույցը «Ազատությանը»

Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում․ Միշելի բացառիկ հարցազրույցը «Ազատությանը»
Հարցազրույց
17:01, 13 декабрь 2023
Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հավելելով՝ Եվրամիությունը այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։

«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն», - ասել է Միշելը։

«Հայկական կողմը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պնդում էր, թե Ղարաբաղի հայերին պետք է անվտանգության ու իրավունքների պահպանման միջազգային երաշխիքներ տրվեն։ Խաղաղության համաձայնագրում այդ հարցին անդրադարձ կա՞, թե՞ Ղարաբաղի հայաթափումից հետո այն կորցրել է հրատապությունը», «Ազատության» հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն արձագանքել է՝ չի ուզում խորանալ մանրամասների մեջ, միաժամանակ ընդգծել, որ այդ հարցով երաշխավորը պետք է Ադրբեջանի իշխանությունները լինեն։

«Մենք շատ ենք շփվում Ադրբեջանի նախագահի հետ այս թեմայով, որպեսզի բարձրացնենք աչալրջությունը և փորձենք համոզել Ադրբեջանի իշխանություններին ցույց տալ, որ նրանք ցանկանում են պաշտպանել փոքրամասնություններին և երաշխավորել, որ միջազգային չափանիշները պահպանվեն: Սա է քաղաքական բանավեճը, որ ունենք, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կարող ենք առաջընթաց գրանցել ԵՄ-ի համար գերակա հարցում», - նշել է Շառլ Միշելը:

«Բանակցությունների առանցքում հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև»


Եվրոպական խորհրդի ղեկավարը երկու տարի է՝ 2021-ի դեկտեմբերից հանդիպումներ է կազմակերպում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, այս ընթացքում նրանք մի քանի անգամ համատեղ հայտարարություն են ընդունել՝ հարաբերությունների կարգավորման համար։

Որպես միջնորդ ու հանդիպումների անմիջական մասնակից Շառլ Միշելն «Ազատությանն» ասել է՝ բանակցությունների առանցքում առաջին հերթին հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր՝ նրանց հարաբերությունների կարգավորումը կազմակերպելու համար։ Այս խաղաղ պայմանագիրը պետք է հիմնված լինի սահմանազատման գործընթացի վրա, խաղաղության այս պայմանագիրը կարող է նաև լավ շրջանակ լինել, որը մենք կարող ենք օգտագործել որպես գործիք՝ տարածաշրջանում հաղորդակցությունը բարելավելու համար, ինչը նաև լավ է այս տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում, օրինակ, Վրաստանի տնտեսական զարգացման համար», - ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Պաշտոնական Երևանը բանակցությունների ողջ այս ընթացքում շեշտում էր նաև՝ կարևոր է ոչ միայն փաստաթուղթը, այլև դրա կիրարկումը։

«Մենք ասում ենք՝ պետք են երաշխավորներ՝ նկատի ունենալով, օրինակ, պետություններ, միջազգային կազմակերպություններ, միջազգային մեխանիզմներ, և դա մեր տեսակետն է։ Բայց նաև բանակցային պրոցեսում չպետք է բացառել մի իրավիճակ, երբ մի առաջարկ կհնչի, որը կլուծի հարցը բովանդակային՝ ձևով լինելով ուրիշ», - ամիսներ առաջ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։

«Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր»


«Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր, որը կվերահսկի ձեռք բերված պայմանավորվածութունների իրագործումը», «Ազատության» հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն ուղիղ չի արձագանքել։

«Փաստացի միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, նայում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում»,- ասել է նա՝ չտալով որևէ երաշխավորի անուն:

Հայաստանի վարչապետը չէր բացառել, որ փաստաթուղթը կարող է նաև ոչ թե կոնկրետ երաշխավոր ունենալ, այլ՝ երաշխիքների մեխանիզմ։ Առայժմ, սակայն, դրա մանրամասները չեն գաղտնազերծվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում