Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ՀՀ-ի նկատմամբ ասիմետրիկ գործողությունների շարք կարող է սկսել, օրինակ՝ ահաբեկչական գործողություններ. քաղաքագետ

Ռուսաստանը ՀՀ-ի նկատմամբ ասիմետրիկ գործողությունների շարք կարող է սկսել, օրինակ՝ ահաբեկչական գործողություններ. քաղաքագետ
Հարցազրույց
21:00, 09 февраль 2024
Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, և Իլհամ Ալիևը վերընտրվեց 7 տարի ժամկետով։ Ինչպես սա կազդի խաղաղության բանակցությունների վրա, և ինչպիսի աշխարհաքաղաքական խնդիրների առջև ենք մենք կանգնած. թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։
 
- Պարոն Սիմոնյան,  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և ողջունել  բրյուսելյան ձևաչափով եռակողմ հանդիպումները վերսկսելու Ադրբեջանի հանձնառությունը։ Ի՞նչ սպասել Ալիևի վերընտրվելուց հետո, արդյոք նա չի՞ մերժի արևմտյան բանակցային հարթակները ու կգնա՞ դեպի խաղաղություն, թե՞  ոչ։

- Ընտրություններից հետո առավել ևս Ալիևը կպնդի  իր ագրեսիվ քաղաքականությունը, որովհետև ընտրությունները, որպես այդպիսին, «ներքին իրողություններ են», ու դրա համատեքստում նա փորձում է  ապահովել  իր կամարտահայտությունը։ Ալիևի վրա ազդեցություն են ունենալու աշխարհաքաղաքական իրողությունները՝ ռուս-ուկրաինական պատերազմը, ԱՄՆ  նախագահական ընտրությունները։  Բայց ԵՄ-ն չի ցանկանում մինչև վերջ «դուռը փակել» Ադրբեջանի հետ երկխոսության ու չի ցանկանում Ադրբեջանին մինչև վերջ մղել Ռուսաստանի տիրույթ։ Շառլ Միշելի շնորհավորանքը այդ «կիսաբաց դուռն է» Ադրբեջանի համար, որ ԵՄ-ն պատրաստ է երկխոսել, եթե Ալիևը քաղաքական կամք դրսևորի։

Հիմա մենք պետք է դիտարկենք ինչպես ռուս-ուկրաինական պատերազմը, այնպես էլ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացները, որովհետև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփի ֆավորիտ լինելու հանգամանքում իրավիճակը միտված կլինի ապակայունացման, թեպետ և կսպասեն ընտրությունների վերջնարդյունքին։ Եթե Թրամփը հնարավորություն չունենա ընթանալ առաջ, ապա այլ  համաշխարհային իրողություն կձևավորվի։
Ալիևը չի ցանկանում հիմա գնալ խաղաղության, քանի որ հասկանում է, որ շանս ունի տարածաշրջանում «մեծ Ադրբեջան» ձևավորելու։

- Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է դեռ տարիներ տևել, ու դրա արդյունքը ամենևին էլ պարզ չէ։ Սրան գումարած նաև ԱՄՆ նախագահական ընտրությունները,  արդյոք   նշանակո՞ւմ է, որ մինչ այդ գործընթացների ավարտը Ալիևը վերջնական խաղաղության չի գնա։ 

- Ալիևը միտված չի լինելու խաղաղության, որովհետև խորապես համոզված եմ, որ Ադրբեջան պետության գոյությունը հակոտնյա է մեր լինելիության իրավունքին։ Այդ պետությունը ստեղծված էր հայկական տարրը, էթնոտիպը զսպելու համար։ Դեռևս Սասանյանների ժամանակահատվածում այդպիսի բուֆերային գոտիներ ստեղծելու հնարավորություններ կային, ու ժողովուրդներ էին բերում բնակեցնում, այնուհետև ռուսական իմպերիայի համատեքստում էր այդ ժողովուրդների զարգացումը, որ հայկական էթնոտիպին զսպեն, որովհետև հայերը քաղաքական առումով պետականաստեղծ ջիղով օժտված հանրույթ են, իսկ իմպերիաներին այդպիսի հանրույթների հզորացումը ձեռք չի տալիս։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ներկայանում է որպես հայկական տարրի զսպիչ։ Եթե Թուրքիայի, Վրաստանի, ՌԴ-ի, Իրանի հետ հնարավորություններ ունենք խաղաղ համակեցություն ապահովելու, ապա Ադրբեջանի հետ կոնցեպտուալ խնդիր կա։ Այն ձևաչափով, որ հիմա Ադրբեջանը զարգանում է, դա չի նախատեսում ապագայում ՀՀ-ի գոյությունը։  
- Կարո՞ղ ենք ասել, որ Ալիևը շնորհավորանքներ ստանալով և տարբեր կենտրոնների հետ համագործակցելով մարսել է արցախահայերի բռնի տեղահանությունը։

- Նման եզրահանգման չենք կարող գալ, որովհետև բռնի տեղահանությունը ցեղասպանության հանցակազմ պարունակող երևույթ է, որը վաղեմության ժամկետ չունի։ Նա չի կարող երբևիցե մարսել այդ քաղաքականությունը։ Ընտրական գործընթացները շատ ավելի առնչվում են ապագա գործողություններին, քան արդեն կատարված գործողություններին։ Ալիևը իր ներքին օրակարգում օրինականացրել է ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը։ Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Ալիևը ադրբեջանցիներին կասի, որ իրենց երեխաներին ուղարկում է ռազմաճակատ զոհվելու, ու իր ուղղորդումը այն կլինի, որ 91,2 տոկոս ձայն եք ինձ տվել ընտրություններին՝ ունենալով այն հայտարարությունները, որը ես արել եմ։ Հիմա ՀՀ-ն որպես պետություն պետք է պատրաստվի վատթարագույնին, որովհետև լավ սցենարներին պատրաստվելու կարիք չկա, իսկ վատթարագույնին պատրաստվելով մենք կկարողանանք զսպել վերահաս ռիսկերը։ Մենք ինչքան պատրաստվենք հաջորդ պատերազմին, որը պետք է սկսի Ադրբեջանը, այնքան պատերազմի ռիսկերը կնվազեն, որովհետև հաշվարկներով են նրանք առաջնորդվելու։  Ադրբեջանի համար խնդիր է լինելու հարձակվել պատրաստված ու ազգ-բանակ դարձած ժողովրդի վրա, չի համարձակվի։

- Բազմիցս նշել եք, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, Ռուսաստանի հետ ռազմական պայմանագրերը մի կողմ դնել և այլն։ Իսկ եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, հաջողության հասնի Ուկրաինայում, կամ Թրամփը ընտրվի ԱՄՆ նախագահ, ի՞նչ ենք անելու։

- ՀԱՊԿ-ից դուրս գալը չի նշանակում ՌԴ-ի հետ հարաբերությունների խզում, դա նշանակում է ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում հստակություն մտցնել։ Ինչ վերաբերում է Թրամփի ընտրվելուն, ապա կարծում եմ՝ հիմիկվանից ՀՀ-ն պետք է Հանրապետական կուսակցության հետ կապված երկխոսություն սկսի ու փնտրի տարբեր հնարավորություններ։ Եթե Թրամփը ընտրվի, ապա կարող ենք հայտարարել, որ ապադաշինքներին կողմնակից պետություն ենք ու դուրս ենք գալիս բոլոր տեսակի դաշինքներից։

- Բայց պետք է  գործընկերներ ունենանք՝ արևմտյան կամ Ռուսաստանը։ Եթե հակադրվում ենք ՌԴ-ին, ապա Մոսկվան կարող է մեծ խնդիրների առջև մեզ կանգնեցնել։

- ՌԴ-ն արդեն մեզ կանգնեցնում է բազմաթիվ խնդիրների առաջ, և գործընկերները նախապայման չեն։ Եթե դու շարունակում ես մնալ հին ռազմաքաղաքական իրողությունների տրամաբանության տակ, որոնք ոտնձգություններ են անում քո ինքնիշխանության դեմ, ու դու չես կարողանում վանել, ապա դու գործընկերներ վաստակելու հնարավորություններ չես ունենում։

- Իսկ ՌԴ-ն իր հնարավորությունները սպառե՞լ է, որ ՀՀ-ին պատժի, թե՞ շատ ավելի լուրջ խնդիրներ կարող է մեզ համար առաջացնել։ 

- ՌԴ-ն բազմաթիվ հնարավորություններ ունի, բայց ՀՀ-ն էլ ինքնապաշտպանվելու հնարավորություններ  ունի։ Մենք պետք է  գիտակցենք, որ ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ ասիմետրիկ գործողությունների շարք կարող է սկսել։ Օրինակ՝ ահաբեկչական գործողություններ, անցյալ տարի, որ «տերևաթափ կոչեցյալը» իրականացրին, ու մեր ԱԱԾ-ն բացահայտեց, ՀՀ-ն ՀԱՊԿ-ո՞ւմ է, թե՞ ոչ։ Նշանակում է  այդ պետությունը նմանատիպ ասիմետրիկ գործողություն իրականացնելու համար կաշկանդիչ որևէ հանգամանք չունի, ու ոչ էլ մեր ՀԱՊԿ-ում գտնվելն է կաշկանդիչ։ 

Մենք գնում ենք հակառակ կողմեր ու  ասում, որ ուզում ենք դուրս գալ, դուք երաշխիքներ տվեք։ Չեն տալու երաշխիք, պետք է գնալ ասել՝ մենք վճռել ենք ինքնիշխան լինել ու դուրս ենք գալու, ձեր քայլերը մտածեք:  

- Եթե դուրս չգալով ՀԱՊԿ-ից Արևմուտքը մեզ օգնում է ֆինանսապես, դիվանագիտական առումով և ռազմապես, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան մեզ զենք է տրամադրում, սա արդյոք չի՞ նշանակում, որ Արևմուտքը տեղավորվում է մեր ներկայիս իրավիճակում և հասկանում, որ ավելի ռիսկային քայլերը կարող են հանգեցնել մեր պետականության կորստի։

- Նշանակում է, բայց Արևմուտքի համար որոշակի մի շերտ կա, որից այն կողմ չեն գնա, քանի դեռ մենք ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ ենք։ ԵՄ-ն, որպես տնտեսական կառույց,   երբևիցե ուղղորդված քաղաքականություն չի իրականացնի տարածաշրջանում, քանի դեռ մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք։ Նրանք կշնորհավորեն Ալիևին ընտրությունների կապակցությամբ և այլն։ Տեխնոլոգիաների մի շերտ կա, որ ԱՄՆ-ն ու արևմտյան հզոր երկրները երբևիցե չեն տրամադրի, քանի դեռ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Դրանք երկակի նշանակության տեխնոլոգիաներ են, ու ռիսկ կա, որ դրանք կընկնեն թշնամու՝ ՌԴ-ի ձեռքը։ Հարց է ծագում՝ եթե ՀՀ-ի ինքնապաշտպանության համար հատուկ տեխնոլոգիաներ պետք է լինեն, որոնք տարիների գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների միջոցով են ստեղծված, ո՞ր երկիրը համաձայն կլինի հայերին տրամադրել, եթե կա ռիսկ, որ դա կընկնի թշնամու ձեռքը։ Սրանք խնդիրներ են, որ ՀՀ-ի առջև են։ 
Դավիթ Լևոնյան