Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե միջին միջանցքի բացման մեջ շահագրգռված լինեն Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանն ու Հնդկաստանը, կհաղթահարվի ռուսական հակազդեցությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը պաշտոնական այցով Երևանում էր։ Վերջինս մինչ Հայաստան ժամանելը նաև հարցազրույց էր տվել Արմենպրես լրատվականին՝ խոսել կոմունիկացիաների ապաշրջափակման, Հայաստանի առաջարկած «խաղաղության խաչմերուկի» և միջին միջանցքի մասին։ Տոկաևը նշել էր նաև, որ նախատեսում են հյուպատոսարաններ բացել Արագածոտնի և Արարատի մարզերում։  Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը Сivic.am-ի հետ զրույցում ասաց, որ Ղազախստանը աշխարհագրական առումով հանդիսանում է Կենտրոնական Ասիայի ամենակարևոր կապուղիներին տիրապետող երկիր, և ունենալով բավականին լուրջ հավակնություններ չի կարող անմասն մնալ գայթակղությունից այս կապուղիներում իր մասնակցությունն ունենալուց, և պատվո հյուպատոսարանների բացումը հիմնականում լուծելու են այդ խնդիրը՝ հնարավոր հետագա լոգիստիկ կապուղիներում իր ներկայությունն ունենալ։

Խաչատրյանը նշեց, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվում է, Ղազախստանը հնարավորություն է ստանում դառնալ արտատարածաշրջանային պետություններից մեկը, որը կարող է օգտվել դրանից։

Հայ-թուրքական սահմանի բացումից հետո դեպի Եվրոպա ուղին կարող է անցնել ՀՀ տարածքով, և Ղազախստանը կստանա այլընտրանք։ 

Խաչատրյանի կարծիքով՝ Ռուսաստանի կողմից միջին միջանցքի բացման դեպքում խանդի դրսևորումներ կլինեն, որովհետև ինքը պատմականորեն միշտ ձգտել է ճանապարհների առումով մենաշնորհ ունենալ։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնարավոր արձագանքին, փորձագետը նշեց, որ եթե միջին միջանցքի բացման մեջ շահագրգռված լինեն Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանն ու Հնդկաստանը հնարավոր է հաղթահարել ռուսական հակազդեցությունը։

Ըստ Խաչատրյանի՝ Տոկաևը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, քանի որ հասկանում է ռուսական վտանգը, որն ունի Ղազախստանը ներսից ապակայունացնելու լայն  գործիքակազմ։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան