Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան ուժեր, որ փորձում են տանել բախման ու տեռորի լեզվով խոսել. Վաղարշակ Հակոբյան

«Պատերազմների մասնակից ու հանրային տրանսպորտով երթևեկող 69-ամյա ԱԺ պատգամավորի նկատմամբ նման պահվածքը արժանի է դատապարտման, ու ցավում եմ, որ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր խոսում են արդարությունից, բայց խրախուսում են տարիքով մարդու նկատմամբ վիրավորանքը ու բռնությունը։ Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, բայց օրենքի խստությամբ պետք է պատժվի նման արարք գործողը». այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին։

Հակոբյանը նշեց, որ նման գործելաոճ իրենք տեսել են պատերազմից հետո, խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո. «Չեմ կարող հասկանալ, թե ինչպես է երիտասարդը իրեն թույլ տալիս բռնություն գործադրել 70-ամյա մարդու նկատմամբ, ով իր երիտասարդությունը նվիրել է բանակին, պատերազմին և պետությանը... Բացառված էր, որ  10 տարի առաջ  պատգամավորը սովորական տրանսպորտով երթևեկեր»։ 

Դիտարկմանը, որ վերջին ժամանակներում ահաբեկչական տարբեր փորձեր են կանխարգելվել, ու արդյոք երկրորդ «Հոկտեմբերի 27-ի» վտանգ կա՞, Հակոբյանը ասաց. «Կան ուժեր, որ փորձում են տանել բախման ու տեռորի լեզվով խոսել, ու եթե լինի դրա հնարավորությունը, ապա իրականացնել, բայց այսօրվա իրավապահ մարմինների աչալրջությունը հնարավորություն է տալիս մեզ հանգիստ լինել։ Չեմ բացառում, որ որևէ ուժային կենտրոն խրախուսի բռնության որոշակի գործողություններ»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան