Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Ադրբեջանը փորձի էթնիկ զտում գործադրել Արցախի հայության հանդեպ՝ պատժամիջոցները չեն հապաղի, այժմ Արևմուտքը համարում է, որ դրանց կիրառումը կարող է ավելի շատ վնաս տալ՝ մղելով Ադրբեջանին առավել դեստրուկտիվ և անզիջում դաշտ. Հ. Խուրշուդյան

Եթե Ադրբեջանը փորձի էթնիկ զտում գործադրել Արցախի հայության հանդեպ՝ պատժամիջոցները չեն հապաղի, այժմ Արևմուտքը համարում է, որ դրանց կիրառումը կարող է ավելի շատ վնաս տալ՝ մղելով Ադրբեջանին առավել դեստրուկտիվ և անզիջում դաշտ. Հ. Խուրշուդյան
Հարցազրույց
15:20, 11 июль 2023
Արցախում տիրող հումանիտար աղետի և այդ խնդիրների լուծման տարբերակների շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

- Պարոն Խուրշուդյան, Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարումը վերականգնվեց ու մի քանի ժամ անց կրկին անջատվեց։ Ո՞րն էր այդ քայլի իմաստը, և ի՞նչ է տալիս դա Ադրբեջանին։

- Չեմ տեսնում որևէ իմաստ այդ քայլի մեջ: Գուցե Ալիևը այդպես հեգնո՞ւմ է Հայաստանին և Արցախին՝ Բրյուսելում առաջիկա բանակցություններից առաջ: 

- Եվրոպական կազմակերպությունները պարբերաբար հայտարարություններ են ընդունում ու հորդորում Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացել, սակայն դա ոչինչ չի փոխում։ Արցախը արդեն հումանիտար աղետի մեջ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չեն կիրառվում Ադրբեջանի դեմ և ո՞ր դեպքում  կկիրառվեն։

- Արևմուտքը փորձում է բանակցությունների միջոցով կարգավորել խնդիրը և համարում է, որ պատժամիջոցների կիրառումը կարող է ավելի շատ վնաս տալ՝ մղելով Ադրբեջանին առավել դեստրուկտիվ և անզիջում դաշտ, քան այժմ է: Սակայն, կարծում եմ, եթե Ադրբեջանը փորձի էթնիկ զտում գործադրել Արցախի հայության հանդեպ՝ պատժամիջոցները չեն հապաղի: Ընդհանրապես՝ դա կլինի Ալիևի իզգոյացման մեկնարկ, ինչը ապշերոնյան դիկտատորը, կարծում եմ, լավ է հասկանում և չի հանդգնի գնալ դրան: 

- Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը պատասխանել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչին՝ ասելով. «Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ղեկավարվելով ինչ-որ մարդկանց կոչերով, այլ ելնելով մեր ազգային շահերից։ Մենք համոզված ենք, որ այդ քաղաքականությունը դրական արդյունքներ կունենա»։ Ադրբեջանը ընդհանրապես հաշվի չի՞ առնում ՌԴ-ին, թե՞ այս ամենը սինխրոնացված է։

- Ես միշտ եմ պնդել, որ Ալիևի և Պուտինի քաղաքականությունները Արցախի և Հայաստանի դեմ համաձայնեցված են, և պետք չի խաբվել հռետորաբանությանը: Բայրամովի և Զախարովայի՝ իրար ուղղված թեթև կսմիթները այլ բան չեն, քան թատերական բեմականացում:

- Ո՞ր դեպքում ՌԴ-ն կկատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր իսկ ստանձնած պարտականությունները։

- Կա՛մ Հայաստանի կողմից ռազմաքաղաքական բալանսի վերականգնման դեպքում, կամ էլ խոհեմ և ճկուն դիվանագիտության, որը կհենվի Հայաստանի ավելի գործուն քայլերի վրա՝ Արևմուտքի հետ ինտեգրման ուղղությամբ: 

- Արդյոք Ռուսաստանը ցանկանո՞ւմ է Արցախի հարցի լուծում։ Ինչպիսի՞  լուծում է ձեռնտու ՌԴ-ի շահերին։ 

- Միակ բանը, որ այժմ Ռուսաստանը ցանկանում է, փրկվելն է կործանումից: Արցախը զոհաբերել հանուն, ասենք, ամենաչնչին ադրբեջանական աջակցության միջազգային ասպարեզում կամ ֆինանսատնտեսական ոլորտում՝ Կրեմլի համար ոչ մի խնդիր չի ներկայացնում: Այսօր Ադրբեջանին միակ զսպող ուժը Արևմուտքն է: 

- Ինչո՞ւ միջազգային դիտորդներ չեն տեղակայվում Արցախում, ՀՀ իշխանությունները բազմիցս կարևորել են դա։ Ի՞նչ քայլեր պետք է անել, որպեսզի միջազգային դիտորդներ տեղակայվեն Արցախում։ 

- Առանց Ադրբեջանի համաձայնության դա կարող է տեղի ունենալ միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմամբ, ինչը անիրատեսական է, քանի դեռ Ռուսաստանը բերման չի ենթարկվել քաղաքակիրթ ազգերի ընտանիք: Մյուս տարբերակը բանակցություններն են և Արևմուտքի ճնշումը Ադրբեջանի վրա՝ ստանալու համար վերջինիս համաձայնությունը թե՛ միջազգային դիտորդների և թե՛ միջազգային խաղաղապահների մուտքին Արցախ: Իսկ դա ավելի հավանական կդառնա Ռուսաստանի ավելի թուլացման և տարածաշրջանում Արևմուտքի դիրքերի ամրապնդման ֆոնին, ինչին մենք պետք է նպաստենք: 

- Ներկա բանակցություններով Արցախի հարցի լուծման ինչպիսի՞ տարբերակին են փորձում հանգել կողմերը։ Ի՞նչ կարգավիճակ է ստանում Արցախն այս բանակցություններով։

- Արցախը առնվազն պետք է ստանա անվտանգության երաշխիքներ և իր ժողովրդի իրավունքների հարգում ու իրացում: Եթե Ալիևը դրան չհամաձայնի՝ դա կնշանակի, որ նրա համար բավարար չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, այլ նրան պետք է Արցախի հայաթափում, նոր ցեղասպանություն: Այդ դեպքում միջազգային հանրության պատասխանատվության հարցն է լինելու Արցախի ամբողջական և լիակատար ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանից անջատ նրա ապրելու հեռանկարի ճանաչումը:

Դավիթ Լևոնյան