Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՏՄ-ում աշխատանք գտնելու նոր հնարավորություն. Գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը. Տեսանյութ

«Ստեղծվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը՝ ԵԱՏՄ թվային շրջանակներում։ Հարթակը նախատեսված է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար։ Որոնողական բավականին լավ գործիք է աշխատանք փնտրելու, ինչպես նաև գործատուների համար՝ աշխատակից որոնելու համար», - այս մասին Armenpress-ի մամուլի կենտրոնում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։

Պարզյանը նշեց, որ հարթակի առավելությունը կայանում է նրանում, որ ցանկացած մեկը կարող է ունենալ անձնական էջ այդ հարթակում և իր մասնագիտական գիտելիքների ու հմտությունների մասին տեղեկատվությունը հանրայնացնել ԵԱՏՄ տարածաշրջանով և ֆիլտրերի լայն հնարավորությամբ կարողանա ընտրել ավելի հարմար և ավելի նպատակային աշխատանք։ Հարթակը, ինչպես նշեց Անահիտ Պարզյանը, անվճար է և՛ գործատուների, և՛ աշխատանք փնտրող քաղաքացիների համար։ 

Հարթակում գրանցվելու համար պետք է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունների ընդհանուր ընդունարաններ։ 

Տեղեկատվությունը հավաքագրվում է հայերենով, իսկ ավտոմատացված մեխանիզմը այն թարգմանում է ռուսերեն։

Խոսելով ռիսկերի մասին, Պարզյանը նշեց, որ այս հարթակի իմաստներից մեկը նաև ռիսկերի նվազեցումն է։ «Հարթակի նպատակն այն էր, որ այն իրավաբանական անձնինք, ովքեր հայտարարություններ են տեղադրում՝ նույնականացվեն։ Այնուամենայնիվ, կապը քաղաքացիների և գործատուների հետ տեղի է ունենում օնլայն, այսինքն նամակագրության միջոցով և մեր քաղաքացիները հնարավորություն ունեն նաև հետաքննություն իրականացնել ինքնուրույն։ Օրինակ, կարող են տվյալ կազմակերպության մասին մի քանի այլ հարթակներում փորձեն տեղեկատվություն նայել, հավաքել», - ասաց Անահիտ Պարզյանը։

Անդրադառնալով տեխնիկական ապահովությանը, Պարզյանը նշեց, որ տեխնիկական ապահովությունը նաև տեղեկատվության փոխանակման մասով է ստանդարտացված։ «Տեղեկատվությունը, որը կուտակվում է հարթակներում չի փոխանակվում։ Այսինքն՝ այդ տեղեկատվությունը հասանելի է միայն այնքանով, որքանով հարցում է կատարվում։ Տեղեկատվությունը մնում է միայն Հայաստանի Հանրապետության տեղեկատվական հարթակներում։ Այսինքն այդ տեղեկատվությունը չի պահպանվում և չի փոխանցվում։

Կիբերանվտանգության տեսանկյունից նույնպես պատշաճ աշխատանք է արված», - ասաց Անահիտ Պարզյանը։