Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնական թվերով՝ Ադրբեջանում դեռևս 24 հայ գերի է մնացել. ևս 4 տասնյակ անձի գերեվարված լինելու մասին ապացույցներ կան, սակայն Ադրբեջանը չի ընդունում այդ հանգամանքը. Արտակ Զեյնալյան

Պաշտոնական թվերով՝ Ադրբեջանում դեռևս 24 հայ գերի է մնացել. ևս 4 տասնյակ անձի գերեվարված լինելու մասին ապացույցներ կան, սակայն Ադրբեջանը չի ընդունում այդ հանգամանքը. Արտակ Զեյնալյան
Հասարակություն
18:07, 13 декабрь 2023
«Ադրբեջանում պահվում էին 56 հայ ռազմագերիներ. սա այն թիվն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են, որ այդքան գերի կար, ու այսօր վերադարձվեց 32-ը»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ սա ոչ թե գերիների փոխանակում է, այլ բարի կամքի դրսևորում։  

Զեյնալյանի խոսքով՝ մնացած 24 գերիներից մի քանիսը 44-օրյա պատերազմի հետևանքով են գերի ընկել, մնացածը դրան հաջորդող իրադարձությունների ու այս տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով. «Դրանց թվում են և ԼՂ նախկին պաշտոնյաները»։

Իրավապաշտպանը նշեց, որ ՀՀ-ում այլևս ադրբեջանցի գերի չկա, բայց տարբեր անհերքելի փաստեր կան, որոնց համաձայն՝ բացի պաշտոնապես հաստատված  24 գերիներից, Ադրբեջանում պահվում են ևս շուրջ 4 տասնյակ հայ գերիներ. «Դրանք վիդեոապացույցներ են, շատ համոզիչ վկայություններ են, որոնք խոսում են  այն մասին, որ այդ անձինք ողջ վիճակում գտնվել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների իրավազորության ներքո, սակայն Ադրբեջանը չի ընդունում այդ անձանց գերեվարված լինելու հանգամանքը։  Նրանց վերաբերյալ մենք Եվրոպական դատարանում վեճ ունենք Ադրբեջանի հետ, և Ադրբեջանը պիտի պատասխան տա այդ անձանց ճակատագրի վերաբերյալ»։

Դավիթ Լևոնյան