Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի զինծառայողները, որոնք Հայաստանում են, չեն մոլորվել, դիտավորյալ են անցել սահմանը, և նրանցից մեկը սպանություն է իրականացրել. Արտակ Զեյնալյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Ադրբեջանցի զինծառայողները, որոնք Հայաստանում են, չեն մոլորվել, դիտավորյալ են անցել սահմանը, և նրանցից մեկը սպանություն է իրականացրել. Արտակ Զեյնալյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
Հայաստան
14:57, 15 май 2023
«Այն ադրբեջանցի զինծառայողները, որոնք Հայաստանում են, չեն մոլորվել։ Նրանք դիտավորյալ անցել են սահմանը, և նրանցից մեկը դիտավորությամբ սպանություն է իրականացրել»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը՝ խոսելով Եվրոպական խորհրդի նախագահի այն հայտարարության մասին, ըստ որի՝ մոլորված զինծառայողները արագացված ընթացակարգով ազատ կարձակվեն։  

«Այն զինծառայողները, որոնք մոլորվել և անցել են մյուս կողմը, կշարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»,- այս մասին երեկ՝ մայիսի 14-ին, Բրյուսելում ասել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ կայացած եռակողմ հանդիպումից հետո։  

Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ Միշելի այս հայտարարությունը վերաբերում է մոլորված այն հայ զինծառայողներին կամ քաղաքացիական անձանց, որոնք հայտնվել են Ադրբեջանում։ 

Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող ադրբեջանցի այն զինծառայողին, որը մեղադրվում է սպանության համար, Արտակ Զեյնալյանը հավելեց. «Կա այդ զինծառայողի սեփական ուղերձը՝ ուղղված իր հետևորդներին այն հեռախոսից, որը պատկանել է ԶՊՄԿ-ի սպանված աշխատակցին։ Սպանելուց հետո նա վերցրել է այդ հեռախոսը, մտել է իր սոցիալական կայքն ու հայտարարել իր գործողությունների մասին։ Ես կարծում եմ՝ այդ ադրբեջանցիներին վերադարձնելը կարող է լինել միայն դատապարտյալների վերադարձման համատեքստում, որպեսզի նրանք պատիժը շարունակեն կրել Ադրբեջանում»։  

Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ՝ պետք է նկատի ունենալ, որ հանցագործություն կատարած ադրբեջանցին եթե հայտնվի ազատության մեջ, ապա Հայաստանն ու Ադրբեջանը միառժամանակ կխախտեն կյանքից զրկված անձի կյանքի իրավունքը: «Հետևաբար նա պետք է պատիժը կրի ամբողջությամբ»,- ընդգծեց նա։ 

Հարցին՝ այս պահի դրությամբ Հայաստանն ունի՞ քաղաքացիներ, որոնք մոլորվելու հետևանքով են հայտնվել Ադրբեջանում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մոլորվածը պայմանական է ասված, օրինակ՝ Տավուշի մարզում անձինք ինժեներական աշխատանքներ են կատարել հայկական տարածքում, իսկ ադրբեջանցիները մոտեցել ու գերեվարել են նրանց։ Հինգ հոգուց երեքը վերադարձվել են, իսկ 2-ը դեռևս գտնվում են Ադրբեջանում։ Եվս մեկ հոգի ունենք քաղաքացիական անձ, ում  Ադրբեջանում դատապարտել են իբրև դիվերսանտ։ Այդ տղային՝ Կարենին, Հայաստանի տարածք ներթափանցած Ադրբեջանի ԶՈՒ-ի դիվերսիոն խումբն է տարել»։ 

Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ՝ մոլորվածների վերաբերյալ Շառլ Միշելի այդ ձևակերպումը անորոշ է: «Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը վերադարձնի մոլորված որակումով որևէ հայ գերու կամ ձերբակալվածի»,- ասաց նա։

Հարցին՝ ՄԻԵԴ-ում ի՞նչ փուլում են 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի կողմից գերեվարվածների գործերը, արդյոք կա՞ն վճիռներ, Արտակ Զեյնալյանն արձագանքեց. «Ոչ, 2020թ. գործերը դեռ կոմունիկացիայի փուլում էլ չեն։ Եվրոպական դատարանում վարույթները բավական երկար են տևում։ Մենք դեռևս չունենք վճիռ 2016թ. քառօրյա պատերազմի հետևանքով իրավունքի խախտման զոհերի վերաբերյալ»։ 

Նշենք, որ Ադրբեջանում այս պահի դրությամբ պահվում են Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատված 33 հայ գերիներ։ 

Նարա Մարտիրոսյան