Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին
Հասարակություն
12:25, 21 август 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում մասնավորապես ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի՝ Ձեր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
Ձեր անցած փառավոր ուղին երկնային Տիրոջը, հարազատ ժողովրդին ու Հայրենիքին անմնացորդ նվիրվածության ու անձնուրաց ծառայության լավագույն օրինակ է: Ձեր ապրած կյանքն ու գործը դեռ երկար տարիներ կուսուցանեն ու կդաստիարակեն սերունդներին՝ որպես հայրենասիրության ու աստվածապաշտության հրաշալի դաս՝ նրանց մեջ սերմանելով սեր և բարություն, խոհեմություն և իմաստնություն:

Դուք միշտ եղել եք Արցախի կողքին, Ձեր հայրապետական օրհնությամբ, խոսքով ու գործով մեծապես աջակցել, քաջալերել ու գոտեպնդել եք մեր ժողովրդին, ինչի համար մենք խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:
Թող ամենազոր Աստծո հովանու ներքո շարունակվի Ձեր հայրենանվեր առաքելությունը և հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ձեռնարկումներն՝ ի նպաստ  մեր հավատավոր ժողովրդի և մայր Եկեղեցու։
Վեհափա՛ռ Տեր,
Ընդունեք, խնդրեմ, իմ որդիական խոնարհումն ու խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատություն և ամենայն բարիք Ձեզ»: