Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայերը բարեհամբույր են. Իրանցիների «նոր կյանքը»՝ Նովրուզը, Հայաստանում

Այս օրերին մուսուլմանական երկրներում նշվում է Նոր տարին՝ Նովրուզը։ Այդ ընթացքում Հայաստան են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ, հատկապես Իրանից։ Որոշեցինք հարցում անցկացնել, թե ինչու են Իրանի քաղաքացիները նախընտրում գալ այստեղ նշելու տոնը։ Շատերը նշեցին, որ Հայաստանը հարմար է և եղանակի առումով, և աշխարհագրական մոտ դիրքով։ 

Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Ասադի Մովահեդը ասաց, որ Նովրուզը ամենահին պատմական տոներից մեկն է ամբողջ աշխարհում, և այն նշվում է գարնանը՝ խորհրդանշելով նոր շունչ։ 

«Տոնը նշում են միմյանց տներ գնալով՝ սկզբում մեծահասակների, այնուհետև բարեկամների։ Ըստ ավանդույթի՝ տարիքով մեծը նվեր է տալիս իրենից փոքր ազգակցին։ Տոնի փիլիսոփայությունը մոռանալու և  ներելու մասին է, սկսելու նոր ու առողջ հարաբերություններ իրար հետ»,- ասաց Ասադին։  

Նա նշեց, որ ավանդույթի համաձայն՝ սեղան է գցվում, որը կոչվում է  Հեֆթ (յոթ)  սին՝ սեղանն իր մեջ ներառում է 7 Ս տառով սկսվող բաղադրիչ՝ սիբ (խնձոր), որը խորհրդանշում է առողջություն, սեռքե (քացախ), որը խորհրդանշում է հարստություն, սաբզե (ափսե), սենջեդ (փշատ), սամանու (ածիկ), սիռ (սխտոր) և սոմաղ (սումախ), ինչպես նաև դրվում է Ղուրան, և մարդիկ աղոթում են։

«Երևանի Կապույտ մզկիթում նույնպես նշում ենք Նովրուզը, քանի որ բազմաթիվ տուրիստներ գալիս են տեսնելու, թե ինչպես է այն անցկացվում։ Հիմնականում Նովրուզի ժամանակ են շատ իրանցիներ գալիս Հայաստան, որովհետև նախ մեր հարաբերությունները շատ բարեկամական են, և իրանցիները այստեղ իրենց զգում են ինչպես տանը, ինչպես նաև հայերը հյուրընկալ են, բարի, իսկ եղանակը շատ լավն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Դեինյան