Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղողագործները բացել են Երևան-Արմավիր ճանապարհը, որը փակել էին առավոտյան՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը

Խաղողագործները բացել են Երևան-Արմավիր ճանապարհը, որը փակել էին առավոտյան՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը
Հասարակություն
16:44, 16 сентябрь 2021
Այսօր առավոտից Արմավիրի մարզում խաղողագործները փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման խնդիրը։ 

Տարիներ շարունակ խաղողագործները իրենց բերքը հանձնել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին։ Այս տարի, սակայն, կոմբինատը դեռ չի պատրաստվում մթերել խաղողագործների բերքը։ Գյուղացիները հայտնվել են անորոշության մեջ։

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը Civic.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղացիները մոտ երկու ժամ առաջ բացել են ճանապարհը։ 

«Գյուղացիներն ուզում էին, որ Ծառուկյանի գործարանը աշխատեր՝ Ամասիա գյուղում։ Մենք էլ ենք ուզում, բոլորն էլ ուզում են, բայց սեփականատերը հրաժարվում է։ Մենք այլընտրանքային տարբերակներ ենք փնտրում։ Ցուցակ ենք պահանջել քանակների վերաբերյալ, որպեսզի կարողանանք նախարարության հետ աշխատել՝ այլ գործարաններում կարողանանք տեղավորել այդքանը։ Գյուղապետերի միջոցով քանակությունները կներկայացնեն մեզ՝ օպերատիվ լուծում կտանք»,- ասաց Արթուր Այվազյանը։ 

Մարզպետարանի ներկայացուցիչը նշեց, որ մոտակա օրերին էլ լուծելու են ջրամատակարարման խնդիրները, որպեսզի գյուղացիները կարողանան ոռոգել այգիներն ու երկար ժամանակ պահեն խաղողը, որպեսզի մինչև մթերելը այն չփչանա։
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ից էլ փորձեցինք ճշտել, թե ի՞նչ պատճառներով են հրաժարվում խաղողի մթերումից։ Կոմբինատի աշխատակիցը խոստացավ մեր կոնտակները փոխանցել ղեկավարությանը, որպեսզի վերջիններս կապվեն մեզ հետ։ Պատասխան ստանալու դեպքում կներկայացնենք նաև կոմբինատի պատասխանը։

Վովա Հակոբյան