Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարևանի բնակարանից փող ու 39 կտոր ոսկի էր գողացել. Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը․ Տեսանյութ

Հոկտեմբերի 10-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ստեփանավանի Բաղրամյան փողոցի մի բնակարանից գողություն են արել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հոկտեմբերի 8-ից 10-ը ինչ-որ մեկը, դեռևս չպարզված հանգամանքներում, մտել էր բնակարան ու ներքնակի տակից գողացել 39 կտոր ոսկի։ Փորձագետն ուսումնասիրեց դռան փականը. ո՛չ դուռը, ո՛չ էլ փականը վնասված չէին։ Բնակարանը 5-րդ հարկում էր, պատուհանով տուն մտնելն՝ անհնար։ Գողը դուռը բացել էր հարմարեցված բանալիով կամ բանալի էր ունեցել։ Այս վարկած է՛լ ավելի հավանական դարձավ, երբ իրավապահները պարզեցին, որ օրեր առաջ տանտերը կորցրել էր բանալիները։ Ըստ նրա՝ դռան վրա էր թողել, հետո տեսել էր՝ չկա։ 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին։ Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ շուտով հայտնի դարձավ բնակարանագողի ինքնությունը։ Քրեական հետախույզները պարզեցին, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, օգտվելով տանտերերի բացակայությունից, գողացած բանալիով մուտքի դուռը բացել ու ոսկեղենը գողացել էր տուժողի 39-ամյա հարևանուհին։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Պարզվել է, որ մեկ շաբաթ առաջ նույն եղանակով նշված բնակարանից փող էր գողացել: 

Ոսկյա զարդերը հայտնաբերվել են։ 


39-ամյա կինը ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է։