Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՊՀ երկրների անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստը կանցկացվի Հայաստանում

ԱՊՀ երկրների անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստը կանցկացվի Հայաստանում
Հասարակություն
21:11, 22 октябрь 2021


Տեսակոնֆերանսի միջոցով կայացել է ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 20-րդ նիստը:
 
Նիստին մասնակցում էին միջկառավարական խորհրդի պատվիրակությունների անդամները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիան:
 
Նիստի բացումը կատարեց խորհրդի նախագահ, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը:
 
Ողջույնի խոսքով հանդես եկան շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը և ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիայի նախագահը։
 
 
Նիստի ընթացքում քննարկվեցին անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդի 2017-2021 թթ. գործունեությունը, ինչպես նաև համագործակցության մինչև 2025 թ. գործողությունների պլանի առաջին փուլի (2016-2020 թթ.) կատարման արդյունքները:
 
Քննարկվեցին նաև ԱՊՀ տարածքում անտառտնտեսության զարգացման, անտառային հրդեհների կանխարգելման ու մարման, անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման, կադրերի վերապատրաստման և այլ հարցեր։
 
Որոշվեց ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում և շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանին, հերթական ժամանակահատվածի համար, հաստատել որպես Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի նախագահ: