Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը. Ռոմանոս Պետրոսյան

Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը. Ռոմանոս Պետրոսյան
Տնտեսություն
20:50, 27 июль 2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել անտառային հողերի՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի և վարձավճարների, ինչպես նաև անտառային ծառայություն ստեղծելու վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
 
«Քննարկել ենք անտառային հողերը իրավաբանական և ֆիզիկական անձանց վարձակալության տալու պայմանները, իրավական կարգավորումները, ինչպես նաև բնապահպանական, սանիտարական նորմերի խստագույն պահպանման անհրաժեշտությունը։
 
Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։
 
Նախատեսվում է մոտ ապագայում Անտառային կոմիտեի կազմում ստեղծել արագ արձագանքման խումբ, որը ըստ անհրաժեշտության անտառային հողերում շաբաթվա բոլոր օրերին 24-ժամյա պատշաճ հսկողություն կիրականացնի։
 
Քննարկել ենք ծառայության ստեղծման մանրամասները, հայտնել եմ ակնկալիքներս ծառայությունից․ այն պետք է օժտված լինի անտառների պահպանությունը իրականացնելու ամբողջական գործիքակազմով և լիարժեք իրացնի իրեն տրված մանդատը։
 
Ծառայությունը միտված է մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ հսկողություն իրականացնելու նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ ծառայությունների պատշաճ կատարման նկատմամբ և իր գործունեությամբ նպաստելու անտառային պաշարների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման պետական ծրագրերի իրականացմանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը: