Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանին որոշում կընդունի երկու մարզադպրոցների լուծարման մասին

Երևանի ավագանին որոշում կընդունի երկու մարզադպրոցների լուծարման մասին
Հասարակություն
16:36, 27 ноябрь 2021
Երևան քաղաքանի ավագանին նոյեմբերի 30-ի նիստին որոշումներ կընդունի «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը և «Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին։

Որոշման նախագծերում ասվում է․

«Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը չունի իր սեփական մարզադահլիճը, աշակերտներն իրենց մարզումներն անցկացնում են տարբեր հանրակրթական դպրոցների մարզադահլիճներում՝ բախվելով բազմաթիվ խնդիրների. Ջ.Կիրակոսյանի անվան հ. 20 դպրոցի դահլիճում՝ գեղարվեստական մարմնամարզություն, Խ. Հայրիկի անվան հ. 10 դպրոցի մարզադահլիճում՝ բասկետբոլ և վոլեյբոլ, Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցում՝ բասկետբոլ, Տ. Շևչենկոյի անվան հ. 42 ավագ դպրոցի
մարզադահլիճում՝ թաեքվոնդո:

Մարզումների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից նպատակահարմար է Կենտրոն վարչական շրջանի տարածքում ունենալ ժամանակակից մարզական համալիր, որը հնարավորություն կընձեռի վերը նշված մարզադպրոցի միասնական գործունեությունը
իրականացնել մեկ հարկի տակ՝ ուսումնամարզական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար, ինչպես նաև հնարավոր կլինի բոլոր խմբերը պահել խիստ բժշկական հսկողության ներքո:

Հաշվետու տարվա ընթացքում կընձեռնվի էական խնայողություններ ունենալու հնարավորություն և ընդհանուր առմամբ՝ նախատեսվող համայնքային միջոցները կծառայեն առավելապես արդյունավետ և թիրախային:

«Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարումը զուգահեռաբար ենթադրում է նոր՝ «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը՝ ք. Երևան, Այասի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող մարզադահլիճի բազայի հիման վրա:

Լուծարվող կազմակերպության գործող բոլոր մարզական խմբերը կտեղափոխվեն նոր ստեղծվող կազմակերպության ներքո, որոնք կգործեն սեփական տարածքում՝ նշված մարզադպրոցում»:

Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի մասին ասվում է․

«Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող «Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը չունի իր սեփական մարզադահլիճը,
աշակերտներն իրենց աթլետիկայի մարզումներն անցկացնում են մեկ այլ մարզական ակումբի՝ Երևանում համապատասխան պայմաններով միակ մասնագիտացված տարածքում և Խ. Աբովյանի անվան հ. 2 դպրոցի մարզադահլիճում:

Նման պայմաններում աշխատանքների ճիշտ կազմակերպումն ու ուսումնամարզական ծրագրի իրականացումն անարդյունավետ է և անիմաստ է հավելյալ ֆինանսական միջոցներ նախատեսել՝ առանձին համայնքապատկան կազմակերպություն պահելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ տվյալ կազմակերպությունը պետք է մասնագիտանար աթլետիկա մարզաձևով, այնուամենայնիվ՝ առկա են նաև այլ խմբակներ՝ ձյուդո և ըմբշամարտ մարզաձևերից:

«Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարումը զուգահեռաբար ենթադրում է նոր՝ «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը՝ ք. Երևան, Այասի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող մարզադահլիճի բազայի հիման վրա:

Լուծարվող կազմակերպության գործող բոլոր մարզական խմբերը կտեղափոխվեն նոր ստեղծվող կազմակերպության ներքո»։