Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցում է կատարվում շինթույլտվությունների էլեկտրոնային համակարգին. Որ համայնքներում է սկզբում կիրառվելու համակարգը. Պարզաբանում է Արմեն Ղուլարյանը

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության հերթական նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, հղում անելով Կառավարության ծրագրին, նշեց. «Կառավարությունը նախատեսել է, որ մինչև 2024 թվականի տարեվերջ քաղաքաշինական շինթույլտվությունների գործընթացը ամբողջությամբ իրականացվելու է քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առցանց համակարգի միջոցով»:

Նա նշեց, որ պետք է կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը և խստագույնս պահել թույլտվությունների ժամկետները:

«Մինչև 2024 թվականի դեկտեմբեր նախագծային թույլտվությունը, շինթույլտվությունը, շինարարության ավարտական ակտերը և շինարարության շահագործման և քանդման թույլտվությունը տրամադրվելու են բացառապես Քաղաքաշինության կոմիտեի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով»,- նշեց Արմեն Ղուլարյանը:

Նրա խոսքով՝ այս նախագծի նպատակն է աստիճանաբար անցնել կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգի կիրառմանը: «Առաջին փուլի համար նպատակահարմար համայնքներ ենք ընտրել Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքները»,- հստակեցրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը: