Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Րոպե առաջ պետք է շտաբի պետի նշանակումը կատարվի, և այս բոլոր խնդիրները հանգուցալուծվեն․ «Իմ քայլի» պատգամավոր

Րոպե առաջ պետք է շտաբի պետի նշանակումը կատարվի, և այս բոլոր խնդիրները հանգուցալուծվեն․ «Իմ քայլի» պատգամավոր
Հասարակություն
14:26, 10 март 2021
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց, որ Օնիկ Գասպարյանը օրենքի ուժով ազատված է ԳՇ պետի պաշտոնից և կարծում է, որ շատ սեղմ նոր շտաբի պետի թեկանծություն անպայման կառաջադրվի։

«Չի կարելի բանակին այսքան երկար լարվածության մեջ պահել։ Րոպե առաջ պետք է շտաբի պետի նշանակումը կատարվի և այս բոլոր խնդիրները հանգուցալուծվեն։ Սա պետք է գիտակցեն այն պաշտոնյաները, որոնք լիազորված են այս խնդիրը լուծելու», - նշեց պատգամավորը։

Խաչատրյանը նաև կոչ հղեց ՀՀ նախագահին, որ նա, ելնելով ներկա հանգամանքներից և  բանակը լարվածության մեջ պահելու անթույլատրելիությունից, շատ արագ որոշումներ կայացնի և պետականության ամրապնդմանն ուղղված իր լիազորությունները իրականացնի։

Հարցին՝ թե արդյոք իրականում ճի՞շտ էր Օնիկ Գասպարյանին հեռացնել պաշտոնից, Խաչատրյանը նշեց, որ, եթե վարչապետը որոշել է, որ ԳՇ պետին պետք է փոխել, ուրեմն այդպես է անհրաժեշտ եղել։ 

«Ինչ վերաբերվում է ԳՇ հայտարարությանը, ապա կրկնեմ, որ այդ հայրատարությամբ խախտվել է ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի՝ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, տարածքային անձեռնամխելիությունը, և քաղաքական պրոցեսների մեջ պետք է պահեն չեզոքություն։ Եթե ուսադիր կրող մարդիկ փորձում են խախտել սահմանադրական նորմը, ապա սրան որևէ արդարացում չկա», - նշեց նա։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ Արցախից սպաներ են միանում Օնիկ Գասպարյանի աջակիցներին, Խաչատրյանը նշեց, որ  հայտարարված 120 սպաների ցուցակում մի շարք կեղծիքներ կան արված։ 

«Ես տեղեկատվություն ունեմ, որ այդ 120 հոգուց մի մասը իրականում վաղուց չեն աշխատում, նույնիսկ մարդիկ կան, ովքեր մահացել են, սակայն հայտնվել են այդ ցուցակում։ Առայժմ ճշտվում են այս տվյալները։ Ես ավելի հանգամանալից կխոսեմ այս մասին», - նշեց պատգամավորը։