Քաղաքացիակենտրոն
լրատվություն

AstraZeneca-ի խթանիչն արդյունավետ է Omicron-ի դեմ. Օքսֆորդ

AstraZeneca-ի խթանիչն արդյունավետ է Omicron-ի դեմ. Օքսֆորդ
Հասարակություն
16:19, 23 декабрь 2021
Օքսֆորդի լաբորատոր հետազոտությունները պարզել են, որ COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի երեք դեղաչափի ընդունումն արդյունավետ է արագ տարածվող Omicron կորոնավիրուսային շտամի դեմ: Այս մասին հինգշաբթի ասել է դեղագործական ընկերությունը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի լաբորատոր հետազոտության տվյալները, գրում է Reuters-ը:

Հետազոտության արդյունքները, որոնք դեռ պետք է հրապարակվեն գրախոսական բժշկական ամսագրում, համընկնում են Pfizer և Moderna պատվաստանյութերի տվյալների հետ, որոնց դեպքում նույնպես 3 չափաբաժնի ընդունումը «աշխատում է» «օմիկրոնի» դեմ: 
AstraZeneca-ի պատվաստանյութի՝ Vaxzevria-ի վերաբերյալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի երեք դեղաչափով կուրսից հետո Omicron-ի դեմ չեզոքացնող մակարդակները հիմնականում նման են վիրուսի Delta տարբերակի դեմ երկու դեղաչափերից հետո ստացված արդյունքին:

Լոնդոնում գրանցված ընկերությունը ասում է, որ Օքսֆորդի համալսարանի հետազոտողները, ովքեր իրականացրել են այս հետազոտությունը, անկախ են նրանցից, ովքեր աշխատել են պատվաստանյութի վրա AstraZeneca-ի հետ:

AstraZeneca-ի կենսադեղագործական հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Մենե Պանգալոսը նշել է, որ «օմիկրոնի» դեմ հակամարմինների մակարդակը 3-րդ խթանիչ ներարկումից հետո ավելի բարձր է եղել, քան այն մարդկանց մոտ, ովքեր վարակվել են COVID-19-ով և բնական ճանապարհով ապաքինվել:

Սյուզի Սիրականյան