Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի տարածքում երեկոյան կդադարեն տեղումները

Հայաստանի տարածքում երեկոյան կդադարեն տեղումները
Հասարակություն
11:41, 12 март 2021
Մարտի 11-12-ին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Բացառություն են կազմել Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ տեղումները եղել են ձնախառն անձրևի և թաց ձյան տեսքով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ամենաառատ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ առանձին հատվածներում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում։

Ձյան ծածկի առավելագույն ավելացումը 24 ժամում գրանցվել է Սիսիանի և Գորիսի հատվածներում՝ 30-35 սմ, Ջերմուկում՝ 35 սմ, Որոտանի լեռնանցքում՝ 30 սմ։

Սիսիանի և Կապանի հատվածում ձյան տեղումներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպներով, որը հազվադեպ երևույթ է։

Այսօր ցերեկը ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի մինչև կեսօր: Շրջանների զգալի մասում կշարունակվեն ձյան տեղումները, Վայոց Ձորում և Սյունիքում ձյունը կլինի ինտենսիվ։

Երեկոյան ժամերին ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից և տեղումները կդադարեն։