Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լրագրողները Դատավորների ժողովը լուսաբանելու համար ստիպված են աշխատել դրսից, որևէ մեկը այս խնդիրը չի բարձրացնում, իսկ ԱԺ պատգամավորների աշխատասենյակներ մուտքի սահմանափակումները անխնա քննադատվեց

Լրագրողները Դատավորների ժողովը լուսաբանելու համար ստիպված են աշխատել դրսից, որևէ մեկը այս խնդիրը չի բարձրացնում, իսկ ԱԺ պատգամավորների աշխատասենյակներ մուտքի սահմանափակումները անխնա քննադատվեց
Հասարակություն
19:11, 14 январь 2022
Այս պահին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Դատավորների ընդհանուր ժողովը։ Ժողովի ավարտից հետո էլ տեղի կունենա Դատավորների միության ժողովի նիստ, որի ընթացքում դատավորները պետք է ընտրեն միության նախագահ և փոխնախագահներ։

Ժողովի լուսաբանման համար լրագրողներին համալիրի ներսում աշխատելու որևէ տարածք չի տրամադրվել, էլ չենք խոսում հարմարությունների մասին։ Լրագրողները աշխատում են դրսից՝ մուտքի առջևից։ Բարեբախտաբար, այսօր Երևանում եղանակը շատ ցուրտ չէ, նաև տեղումներ չկան, այլապես լրագրողները ստիպված էին լինելու աշխատել նաև ձյան կամ անձրևի տակ։
 
Որևէ մեկը այս խնդրի մասին չի խոսում, բայց շատ լրագրողներ, լրատվամիջոցներ, լրագրողների միությունը մեծ աղմուկ էին բարձրացրել Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների ժամանակ, որով լրագրողներին այլևս թույլ չէր տրվում հասանելիություն ունենալ Ազգային ժողովի շենքի այն հատվածներ, որտեղ գտնվում են պատգամավորների աշխատասենյակները։ Լրագրողները, սակայն, կարող են աշխատել միջանցքներում, ԱԺ նիստերի դահլիճի բոլոր մուտքերի մոտից։

Իհարկե, պետք է փաստել նաև, որ կան անտրամաբանական խոչընդոտներ։ Օրինակ՝ որևէ պատգամավորի հետ իր աշխատասենյակում հարցազրույց անելու համար, եթե նույնիսկ ունես պատգամավորի հրավերը, ապա միևնույն է՝ պետք է ունենաս նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի թույլտվությունը, ինչը բարդացնում, դժվարացնում է թե՛ լրագրողի, թե՛ աշխատակազմի ղեկավարի աշխատանքը։ 

Ամեն դեպքում խիստ տարօրինակ է լրագրողների արձագանքը նման դեպքերում։ Հսկայական տարածք ունեցող Մարզահամերգային համալիրում լրագրողներին աշխատելու համար գոնե փոքրիկ սենյակ կամ միջանցք տրամադրել հաստատ հնարավոր էր, սակայն լրագրողները ստիպված են աշխատել դրսից։