Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումը հիմնականում համաչափ չէ․ Պետք է կազմակերպվի քննարկում և ողջամիտ սահմանափակումներ մտցվեն»․ Լևոն Բարսեղյան

«ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումը հիմնականում համաչափ չէ․ Պետք է կազմակերպվի քննարկում և ողջամիտ սահմանափակումներ մտցվեն»․ Լևոն Բարսեղյան
Հասարակություն
18:16, 24 август 2021
Այսօր Ազգային ժողովում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագիրն էր ներկայացնում, լրագրողների համար նախատեսված օթյակում մի քանի լրագրողներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ տարբեր գրությամբ պաստառներ պարզելով։ Վերջիններս փորձում էին գրավել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը՝ բարձրացնելու համար իրենց դժգոհությունը ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու հետ կապված։

Անվտանգության և Պետական պահպանության ծառայության աշխատակիցները մուտք գործեցին օթյակ և զգուշացրին, որ ակցիա իրականացնել չի թույլատրվում։ Որոշ լրագրողներ, ի նշան բողոքի, սկսեցին ձեռքերով հարվածել օթյակի պատուհաններին, ինչն արգելեցին անվտանգության աշխատակիցները՝ զգուշացնելով, որ դա անթույլատրելի է։

ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Civic.am-ը զրուցեց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ «Մենք այդ հայտարարություններում ասել ենք, որ սահմանափակումների ճնշող մեծամասնությունը համաչափ չէ և դրանց կարիքը չկա։ Խնդիրը լուծելու փոխարեն բարդացնում են։ Այնպես որ, այն օրը, օթյակը ազատել տալու կարիք չկար։ Մյուս կողմից, եթե կա անվտանգության հետ կապված ողջամիտ սահմանափակումների կարիք, ապա ավելի արդյունավետ է խնդիրը լուծել քննարկումների, կարծիքների փոխանակման արդյունքում։ Օրինակ՝ Ազգային Ժողովի նախագահության կամ նախագահի նախաձեռնությամբ կարող էր լինել լրագրողների կամ ԶԼՄ-ների խմբագիրների, նաև ոլորտի հասարակական գործիչների, կազմակերպությունների, փորձագետների հետ քննարկում, խնդիրը բացատրել, որ բոլորը հասկանային, թե անվտանգության ինչ նկատառումներ կան։ Գուցե շենքի ինչ-ինչ հատվածներում իսկապես կա անվտանգության խնդիր և կամայական չէ այդ սահմանափակումը։ Դրանից հետո նոր որոշում կայացվեր։ Այլապես, մարդիկ մտածում են, որ անհարկի սահմանափակումներ են։  Ես, օրինակ, համարում եմ, որ օրեր առաջ օթյակից լրագրողներին դուրս հանելը, բացարձակ անտեղի էր, իսկ Վլադիմիր Վարդանյանի հայտարարությունը, թե լրագրողների գործը ծեծկռտուք լուսաբանելը չէ՝ բացարձակ անհեթհեթություն է», - ասաց Լևոն Բարսեղյանը։

Ինչ վերաբերում է լրագրողների համար ինչ-որ էթիկայի նորմերին, որոնք սահմանելով գուցե հնարավոր կլիներ ավելի մեղմ սահմանափակումներ մտցնել ԱԺ-ում, Բարսեղյանն ասաց, թե մասնագիտական վարքականոնների գլխավոր հատկանիշն այն է, որ այդ վարքականոնները պետք է մշակեն և ընդունեն այդ մասնագիտության տեր մարդիկ։ «Ինձ թվում է՝ մենք իրավունք չունենք, օրինակ, բժիշկների համար վարքականոն սահմանել։ Լրագրողներն իրավունք չունեն պատգամավորների համար վարքականոն սահմանել, ճիշտ այնպես՝ ինչպես պատգամավորները իրավունք չպետք է ունենան լրագրողների վարքականոն սահմանել։ Խորհուրդ տալ կարող են։ 
Քննարկումներով շատ բան կարելի էր կարգավորել, բայց եթե չի ստացվում, որովհետև լրագրողները միատարր, միասեռ, նույնանման չեն իրենց մտածողությամբ, կրթությամբ, իրենց ունեցած հանձնարարություններով, եթե նույնիսկ 99 տոկոսը պայմանավորվի իրար հետ, որ չենք անում նման բան, օրինակ, զանգում ենք պատգամավորին, թույլտվություն ստանում ենք, մտնում ենք ներս, ապա միշտ կգտնվի մեկը, որը չի ենթարկվի այդ կանոնին և այդ խնդիրները միշտ լինելու են։ Այդ իսկ պատճառով պետք են որոշ սահմանափակումներ, բայց դրանք պետք է ողջամիտ լինեն։ ԱԺ ղեկավարությունը պետք է կազմակերպի քննարկում, խորհրդակցություններ լինեն և դրանց հիման  վրա ողջամիտ, այսինքն անհրաժեշտ և բավարար սահմանափակումներ մտցվեն՝ ոչինչ ավելի», - եզրափակեց Լևոն Բարսեղյանը։ 

Վովա Հակոբյան