Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՓՇ ակցիան կրկին տապալվեց․ Նիկոլ Փաշինյանը նախագահական է մտել նախագահի համար նախատեսված մուտքով

ՀՓՇ ակցիան կրկին տապալվեց․ Նիկոլ Փաշինյանը նախագահական է մտել նախագահի համար նախատեսված մուտքով
Քաղաքականություն
16:48, 13 март 2021
Նախագահական նստավայրի առաջ Հայրենիքի փրկության շարժման անդամներն այսօր հավաքվել էին՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը, քանի որ ժամը 15-ին նախագահ Արմեն Սարգսյանը իրավիճակից ելքեր փնտրելու համար հանդիպելու էր ՀՀ վարչապետին։ 

«Սպասելիք չունենք, սա որեւէ բանի չի նպաստելու եւ հերթական ցուցադրական, անիմաստ հանդիպումն է»,-նախագահական նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ շարունակելով․ «Նախագահն առաջարկել էր հանդիպման ձեւաչափ, մենք համաձայնել էինք մեր օրակարգով, իրենք խուսափել են եւ շարունակում են իրենց ձեւական շոուները»։ 

Չնայած ՀՓՇ ակցիային՝ այսօր նախագահականում կայացավ Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայր էր մտել հետնամասում գտնվող նախագահի համար նախատեսված մուտքից։ 

Նախագահական նստավայրը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկանական պատնեշներով։ Երբ մի խումբ ցուցարարներ շարժվեցին դեպի նախագահական նստավայրի հետնամաս ու ցանկացան խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը, ոստիկանները նրանց թույլ չտվեցին առաջանալ դեպի հետնամուտք, տեղի ունեցավ հրմշտոց։ Ըստ ցուցարարների՝ վնասվել է քաղաքացիներից մեկի ոտքը։

Նշենք, որ այսօր տապալվել է նաև ԱԳՆ-ի դիմաց ՀՓՇ ակցիան։ Հայրենիքի փրկության շարժումն այսօր ծրագրել էր բողոքի ակցիա անկացնել  ԱԳՆ-ի առաջ՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ, քանի որ այսօր նախատեսված էր Փաշինյանի այցը՝ ՀՀ ԱԳՆ, սակայն մինչ ակցիայի սկսվելը Փաշինյանն արդեն ԱԳՆ շենքում էր: