Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում 2020 թվականի տվյալներով իրականացվում է մահերի 90 տոկոսի դիահերձում, որը ԱՀԿ-ի երկրների միջին ցուցանիշից ավելի է 3,5 անգամ. Նարեկ Զեյնալյան

«ՀՀ-ում 2020 թվականի տվյալներով իրականացվում է մահերի 90 տոկոսի դիահերձում, որը ԱՀԿ-ի երկրների միջին ցուցանիշից  ավելի է 3,5 անգամ»,- այս մասին այսօր ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, նախագծի հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանը։ 

Նա նշեց, որ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի  53 երկրներում միջին ցուցանիշը 26,5 է, այսինքն՝ 26,5 դեպքերում է միայն իրականացվում դիահերձում։    

Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ երկրներ կան, որ ընդհուպ մինչև երկու-երեք տոկոս դեպքերում է իրականացվում դիահերձում, այսինքն՝ Հայաստանում կատարվում են անհարկի դիահերձումներ։ 

«Սա իրենից ենթադրում է նաև որոշակի ֆինանսական միջոցներ, բայց այստեղ առավել կարևոր է որակի վերահսկողությունը, որը չի իրականացվում այն կազմակերպություններում, որոնք բժշկական հաստատություններին կից չեն. դրանք թվով ութն են ՀՀ-ում: Տեսչական մարմինը նրանց նկատմամբ իրականացնում է վերահսկողություն միայն լիցենզավորման պայմանների նկատմամբ։ Այսինքն՝ լիցենզավորման պայմանները պահպանվա՞ծ են, թե՞ չէ, և փաստաթղթերի լրացման կարգի հետ կապված է վերահսկողություն արվում, իսկ որակի վերահսկողություն չի իրականացվում»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում