Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապահովվեն իրավահավասար պայմաններ դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար

Կապահովվեն իրավահավասար պայմաններ դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար
Հասարակություն
17:32, 13 январь 2022
Հունվարի 13-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի անդամներն առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ` գործող օրենքի համաձայն` թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններ անցկացնելու համար նախատեսվում է լիցենզիայի առկայություն: Նախանշված են նաեւ բացառություններ Առողջապահության եւ Արդարադատության նախարարությունների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների եւ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման համար: Հիմնական զեկուցողը նշել է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը դուրս է մնացել նշված բացառությունների ցանկից: Օրինագծով առաջարկվում է Արդարադատության եւ Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները հանել բացառությունների ցանկից` թողնելով միայն Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, որը, ըստ էության, վերահսկող մարմին է:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն իրավահավասար պայմաններ ՀՀ քրեական դատավարության ընթացակարգերով նախատեսված` դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել եւ վերջնական` լրամշակված տարբերակը ներկայացվել է հանձնաժողովին: