Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի. ըստ ականատեսների՝ դժբախտ պատահար է եղել

Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի. ըստ ականատեսների՝ դժբախտ պատահար է եղել
Հասարակություն
13:40, 17 март 2022
Երեկ՝ մարտի 16-ին ժամը 19։30-ի սահմաններում, Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները: 

Ոստիկաններին նշված վայրում Գյումրիի բնակիչ՝ 60-ամյա Աշոտ Մ-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում նշված աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ հողակույտը փլուզվել է, որտեղ այդ պահին փորելու միջոցով գունավոր մետաղներ էր փնտրում Գյումրիի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Յ-ն և այդ ընթացքում ինքը մոտեցել է փլված հողակույտին ու տեսել է, որ Վազգեն Յ-ն չկա։ 

Նա ոստիկաններին ու քննիչներին հայտնել է նաև, որ դրանից հետո ենթադրել է, որ հնարավոր է՝ Վազգեն Յ-ն մնացած լինի հողակույտի տակ ու օգնության է կանչել իր ծանոթներ՝ Գյումրիի բնակիչներ, 41-ամյա Սանասար Մ-ին և 39-ամյա Արտյոմ Հ-ին։  Վերջիններիս օգնությամբ էլ փլուզված հողակույտի տակից հայտնաբերել են Վազգեն Յ-ին, ապա ահազանգել են Գյումրու շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։ 

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախպատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն։