Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուրվական փառատոնն այս տարի կանցկացվի Դիլիջանում

Ուրվական փառատոնն այս տարի կանցկացվի Դիլիջանում
Հասարակություն
15:28, 12 август 2022
Ուրվական փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 23-ից 25-ը՝ այս անգամ Դիլիջանում։ Փառատոնի հագեցած եռօրյա ծրագրում ներառված է բազմաժանր երաժշտություն․ ժամանակակից, էլեկտրոնային և էլեկտրոակուստիկ երաժշտությունից մինչև ֆոլկ, նոյզ, անդերգրաունդ ռեփ և այլն։ 

«Ուրվականն առաջին անգամ կազմակերպվել էր Երևանում։ Այսօր, երբ մայրաքաղաքի ստեղծագործական ենթակառուցվածքն օրեցօր ամրապնդվում է, Հայաստանի մնացած շրջանները դեռ զարգանում են և ավելի մեծ ուշադրության և տնտեսական աջակցության կարիք ունեն։ Դիլիջանը որպես Ուրվական 2022-ի անցկացման վայր ընտրելով՝ փառատոնը ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի ամենապատմական, գեղատեսիլ և հյուրընկալ շրջաններից մեկին, այլև նպատակ է դնում ապակենտրոնացնել աշխատանքը»,-նշում են փառատոնի կազմակերպիչները։

Ուրվական 2022-ն իր առաջ նպատակ է դրել անդրադառնալ առավել արդի և կենսական խնդիրների։ Վերջին փառատոնից ի վեր աշխարհում շարունակվում են կորոնավիրուսի համավարակը, արտագաղթի ճգնաժամերը, կլիմայական աղետները և արյունալի պատերազմները, որոնք ներթափանցել են մեր առօրյա կյանք և անխուսափելիորեն ազդել մեր հեռանկարների վրա։