Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խախտումներ է արձանագրվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով չգազավորված ջրերի շրջանառության մեջ

Խախտումներ է արձանագրվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով չգազավորված ջրերի շրջանառության մեջ
Հասարակություն
15:47, 30 август 2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։

Հանձնաժողովից տեղեկացնում են, որ վարույթների շրջանակում պարզվել է, թե 9 տնտեսվարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում և (կամ) արտադրության որևէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։

Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ «աղբյուրի ջուր» մակնշումով ջուրը պետք է ունենա աղբյուրի ծագում և, ինչպես «բնական խմելու ջրի» դեպքում, արտադրության որևէ փուլում չպետք է մշակված լինի քլորի պատրաստուկներով։

Հետևաբար, նույնիսկ որևէ աղբյուրից ջրամատակարարման կենտրոնացված համակարգով (տնտեսվարողները ջուրը ձեռք են բերել «Վեոլիա Ջուր» ընկերությունից) ստացված ջուրը չի կարող շշալցվել և իրացվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով։ Ընդ որում՝ կարևոր չէ նախքան ջրի շշալցումը դրա ապաքլորացման հանգամանքը:

Իրականացված վարույթների արդյունքում Հանձնաժողովը 6 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել են: