Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ. քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հետևողական պայքարն ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է։ Օրերս նրանք մայրաքաղաքում հայտնաբերել ու ձերբակալել են մի կնոջ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 7 գրամից ավելի հերոին ու 11 գրամից ավելի մեթամֆետամին:

Դեպքի առթիվ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։ Վարույթի շրջանակներում քրեական ոստիկանության և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ կնոջ բնակության վայրում տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Նրա բնակության վայրում և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 899 գրամ հերոին, մեկ կիլոգրամ 225 գրամ ափիոն, 447 գրամ մեթամֆետամին, մեկ կիլոգրամ 226 գրամ մարիխուանա, 23 գրամ կոկաին, 1 գրամից ավելի սփայս, հաշիշի յուղ, էքստազի, նռնակի պայթուցիչ և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է: