Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բեռնափոխադրողներն ահազանգում են՝ Ռուսաստանի հետ այլընտրանքային կապ ունենալն օրհասական է․ azatutyun.am

Բեռնափոխադրողներն ահազանգում են՝ Ռուսաստանի հետ այլընտրանքային կապ ունենալն օրհասական է․ azatutyun.am
Հասարակություն
16:58, 21 ноябрь 2022
Լարսում այսօր հայկական հարյուրավոր բեռնատարներ գուցե հերթերի ու խցանումների մեջ չլինեին ու արտահանողներն էլ վնասներ չկրեին, եթե դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհն արդեն գործեր, համոզված են կառավարության խոստմանն ամիսներով սպասող բեռնափոխադրողներն ու արտահանողները։

Վրաստանի Փոթի նավահանգստով Հայաստանից Ռուսաստան լաստանավային բեռնափոխադրումներ դեռևս չեն իրականացվում, թեև կառավարությունը խոստումը գարնանն էր տվել ու նույնիսկ ժամկետ նշել` հունիսին ծրագիրը կգործարկվի, գործադիրն էլ կսուբսիդավորի ծախսերը։

«Հիմա վերջնական աշխատանքներն ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը: Կարծում ենք՝ դա օրերի հարց է», - ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Սև ծովում հայկական բեռներ դեռ չկան, իսկ էկոնոմիկայի նախարարն արդեն պակաս ոգևորությամբ է խոսում ծրագրից. - «Այո, մենք ի սկզբանե գիտեինք, որ այս նախագիծը ռիսկային է և նաև այդ պատճառով է, որ երկար ժամանակ որևիցե մեկը չի ստանձնել կամ հանձն չի առել այդ խնդիրը լուծել: Հիմա մենք սկսել ենք»:

Հայկական բեռներով բարձված մեծաթիվ բեռնատարներ այս պահին գտնվում են Վրաստանում՝ Վերին Լարսի անցակետում։ Հայաստանի իշխանությունները բացատրում են, որ կուտակումների պատճառն այս անգամ Ղրիմի կամրջի պայթյունից հետո սահմանին ռուսական կողմի հսկողության խստացումն է։ Ղրիմում պայթած բեռնատարը նաև Լարսի անցակետով էր անցել։

Վրացական Փոթի նավահանգիստը շահագործում է հոլանդական "APM Terminals" ընկերությունը: Հայաստանի իշխանություններն ասում են՝ այս ընկերությունը խստորեն հետևում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին և առայժմ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություններ ստանալ չի հաջողվում, բանակցում են:

«Ազատությունը» կապվել է հոլանդական ընկերության հետ՝ նրանց տեսակետն իմանալու համար: Հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայաստանի կառավարության հետ բանակցություններ ընթանո՞ւմ են և ի՞նչ խոչընդոտներ կան, ընկերությունից «Ազատության» հարցերին առայժմ չեն պատասխանել:

Տարբեր ուղղություններով միջազգային բեռանփոխադրումներ իրականացնող ընկերության սեփականատեր Վրեժ Գրիգորյանը պատմում է՝ այժմ իրենց հետ աշխատող 20 մեքենա հերթի մեջ է: Տնտեսվարողները լուրջ վնասներ են կրում, հատկապես խնդիր է արագ փչացող ապրանքների տեղափոխումը:

«Շուտ փչացող ապրանքը տեղափոխել չենք կարողանում, բեռնատարներն էլ են հերթի մեջ, նոր փոխադրումներ չի լինում անել, դրա պատճառով փոխադրումների գներն էլ են բարձրացել», - ասաց Գրիգորյանը:

Բեռնափոխադրողներն ահազանգում են՝ Ռուսաստանի հետ այլընտրանքային կապ ունենալն օրհասական է: Վրեժ Գրիգորյանն ընդգծում է՝ խնդիրը լուծելու համար իշխանությունները պետք է օգտագործեն բոլոր ռեսուրսները. - «Այսպիսի ֆորս մաժորներ էլ են լինում, սա պետք է հաշվի առնել, անել հնարավորը, որպեսզի այսպիսի իրավիճակներ չլինեն, այլապես և՛ բիզնեսն է տուժում, և՛ սովորական սպառողը»: