Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արի խոստանանք՝ ով ողջ մնաց, կգնա մյուսի տուն՝ ընտանիքի կողքին կլինի»․ պատերազմում հերոսացած Գոռ Կարապետյանի վերջին խոսքը՝ զինակից ընկերոջը

Երեկ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի դպրոցում տեղի ունեցավ դպրոցի նախկին սան, Արցախյան պատերազմում հերոսական մահով ընկած Գոռ Կարապետյանի հիշատակին նվիրված միջոցառում, իսկ դպրոցի բակում բացվեց հերոսի հիշատակը հավերժացնող խաչքար։ 

19-ամյա Գոռ Կարապետյանն ընդամենը 9 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Ծառայում էր Մատաղիսում։ 

Պատերազմի նախորդ օրերին տեղափոխվել է Թալիշի 107-րդ դիրք՝ հսկել սահմանը, 2 օր անց  պատերազմը սկսվել է։ 27 թիվը նրա ճակատագրում կարծես խորհրդանշական է։ Բանակ զորակոչվել է դեկտեմբերի 27-ին, զոհվել սեպտեմբերի 27-ին և ընտանիքն էլ որոշել է նրա հիշատակին նվիրված այս միջոցառումն իրականացնել ապրիլի 27-ին։  
 
Խաչքար-հուշակոթողը բացվեց Գոռ Կարապետյանի հոր՝ Կարեն Կարապետյանի ձեռքով, որից հետո համայնքի հոգևոր հովիվ Տեր-Վիգեն Մանուկյանը կատարեց հուշակոթողի օրհնության կարգը։


 
Դպրոցում աշակերտները բեմադրել էին հայ զինվորի ուղին՝ դպրոցից մինչև բանակ և պատերազմ, դրա ընթացքն ու ողբերգական ավարտը։
 
Գոռն ու իր 3 ընկերները իրապես հերոսական մահով են զոհվել։ Նրանք Թալիշի դիրքերում խրամատում ձեռնամարտի են բռնվել թշնամու հետ և, մինչև վերջին շունչը հերոսաբար կռվելով, անմահացել։ 
 
Միջոցառմանը ներկա էին դպրոցի անձնակազմը, Գոռի ընտանիքը, համագյուղացիները, ինչպես նաև, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Ագարակի համայնքապետ Արմեն Հարությունյանը և այլք։ Վարչապետի անունից ուղարկվել էր ծաղկեպսակ։ Ելույթ ունեցան մարզպետը, համայքապետը, Գոռի ուսուցիչներն ու նրան ճանաչող մարդիկ։

Գոռ Կարապետյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն»  շքանշանով։


Սյուզի Սիրականյան