Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը Դավթաշենի նախկին համայնքապետից պահանջում է վերադարձնել շուրջ 200 մլն դրամի գույքը․ տեղի ունեցավ Ռուսլան Բաղդասարյանի ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստը

Դատախազությունը Դավթաշենի նախկին համայնքապետից պահանջում է վերադարձնել շուրջ 200 մլն դրամի գույքը․ տեղի ունեցավ Ռուսլան Բաղդասարյանի ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստը
Հասարակություն / Իրավունք
21:05, 06 февраль 2023
Այսօր Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ  Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին առնչվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործով դատական նիստը։

Դատախազությունը Բաղդասարյանից պահանջում է վերադարձնել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 200 մլն դրամի գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ դրան համարժեք գումար։

ՀՀ դատախազությունը դեռ 2022 թվականի մայիսին էր Ռուսլան Բաղդասարյանին և նրա հետ փոխկապակցված անձ Արմինե Հարությունյանին ծանուցագրեր ուղակել։ ՀՀ գլխավոր դատախազությունը Բաղդասարյանին և նրա հետ փոխկապակցված անձ հանդիսացող Հարությունյանին ծանուցել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: 

Նշենք, որ ՀՀԿ-ական Ռուսլան Բաղդասարյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ եղած տարիներին՝  2012-2018 թվականներին։

Բացի այդ,  2019 թվականին Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդում տարածեց, համաձայն որի` ձեռք էր բերվել փաստական տվյալներ, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։
Տարածված հաղորդագրության համաձայն, վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։ Բաղդասարյանի պաշտպանի փոխանցմամբ` այս գործը կարճվել է։ 
 
Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով։
 
Ըստ ոստիկանության՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները 2009-2018 թվականների ընթացքում թաղապետարանում տարբեր հաստիքների են հրամանագրվել, աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել: Ոստիկանության պարզաբանմամբ՝ այդ մարդկանց անվամբ դուրս է գրվել շուրջ 42 միլիոն դրամ աշխատավարձ:
 
 
Վովա Հակոբյան