Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկային ծառայության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ՆԳՆ մամուլի ծառայությունից պատճառը չեն նշում

Պարեկային ծառայության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ՆԳՆ մամուլի ծառայությունից պատճառը չեն նշում
Հասարակություն
16:15, 16 февраль 2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին ի պատասխան Civic.am-ի հարցման՝ տեղեկացրին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Մեր այն հարցին, թե ի՞նչ պատճառով է Արթուր Ումրշատյանն ազատվել աշխատանքից, ՆԳՆ մամուլի ծառայությունից չհստակեցրին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ փետրվարի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգ առ» հրահանգին, տևական ժամանակ խախտել է երթևեկության կանոնները. հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված վայրով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։

Ըստ իրավապահների՝ 25-ամյա վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Պարեկներին ի վերջո Ագաթանգեղոս փողոցում հաջողվել է կանգնեցնել վարորդին՝ մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։

Այս դեպքը մամուլում ու սոցիալական հարթակներում լայնորեն քննադատվեց՝ հասարակության մի ստվար զանգված քննադատում էր պարեկներին ոչ ճիշտ կողմնորոշվելու համար, մի մասի դիտարկմամբ էլ՝ պարեկների կողմից հրազենն ավելի վաղ պետք է կիրառվեր։

Ընդգծենք, որ վարորդը կալանավորված է։ 25-ամյա երիտասարդը մեղադրվում է խոշոր չափի գույք ոչնչացնելու, խուլիգանություն կատարելու, խոշոր չափի թմրամիջոց իրացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու համար: