Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշիից, Հադրութից, Սումգայիթից եւ այլ վայրերից բռնի տեղահանված հայերը իրենց իրավունքները հետապնդելու ու փոխհատուցում պահանջելու լիարժեք իրավունք ունեն․ վարչապետ

Վերջին ժամանակներս Ադրբեջանում սկսել են բարձրացնել Նախիջեւանի փախստականների հարցը։ Ադրբեջանական մամուլը գրել էր, որ փասխստականների հայ համայնքը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ վարչապետին, որպեսզի վերադառնան իրենց  բնակության նախկին վայրեր։ Ո՞րն է ՀՀ-ի դիրքորոշումը այս հարցով եւ ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է հակընդդեմ հայց ներկայացնել՝ հիշյալ  փախստականների վերադարձման հարցով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հարց տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

«Ձեր ասածը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Եթե շատ անկեղծ լինենք՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի փակուղի մտնելը տեղի է ունեցել հենց այդ պատճառով։ Ակնհայտ է եղել, որ այ այս ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրություն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում։ Ձեր ասածը ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ ապօրինի ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի պայմանավորվածություններին»,- ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել։  «Շատ հաճախ Հադրութից, Շուշիից բռնագաղթած քաղաքացիները կառավարության դիմաց ցույցեր են անում, եւ, մեծ հաշվով, այդ մարդիկ ճիշտ են անում։ Որովհետեւ եռակողմ հայտարարության դրույթներից մեկը ասում է, որ ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ-ի հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո։ Մինչեւ այսօր Հադրութի ժողովրդին ոչ ոք չի առաջարկել վերադառնալ իրենց տները, ինչը կոպիտ խախտում է Ադրբեջանի կողմից։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք եւ շարունակելու ենք բարձրացնել։ Նույնը Շուշիից բռնի տեղահանված հայության մասին պետք է ասել։ Հիմա մարդիկ, այդ թվում հայաթափված Նախիջեւանի ներկայացուցիչները, իրենք են հարցեր բարձրացնում ՀՀ կառավարության առաջ։ Նրանք ասում են, որ ՀՀ կառավարությունը խոչընդոտում է, որպեսզի իրենք իրենց իրավունքները պաշտպանեն։ Դուք գիտեք, թե Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ինչ մեծ կոմպանիա է իրականացվել։  Ընդ որում, Նախիջեւանը հայաթափվել է դեռ 19-րդ դարից  սկսած, հետեւողականորեն, մինչեւ Սովետական միությունը։ Դուք գիտեք Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայությունը տեղահանվել է։ Դուք գիտեք Շահումյանի, Գեղաշենի շրջանների հայության տեղահանման մասին»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը։ Նա հավելեց նաեւ, որ ՀՀ-ի կառավարությունը թեեւ չի քաջալերել, բայց նաեւ չի խոչընդոտել, որպեսզի հիշյալ՝ հարյուր հազարավոր անձինք իրենց իրավունքները հետապնդեն։

«ՀՀ-ից բռնի տեղահանման դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել։ Ավելին, մեր արխիվներում պահպանվել են փաստաթղթեր, որ ՀՀ սովետական կառավարությունը աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին։ Այսինքն, նրանք իրենց կամքով որոշել են գնալ, բայց կոտորածներ չեն եղել ՀՀ-ում, մինչդեռ Բաքվում, Հադրություն, Շուշիում եղել են կոտորածներ»,-նշեց Փաշինյանը։ 

Վարչապետը նկատեց նաեւ, որ վերջերս մի գյուղ էր այցելել, որի բնակիչների ճնշող մասը փախստականներ էին Ադրբեջանից, որոնք  բռնի տեղահանվել են եւ ինչ այդ պահին հասցրել են, դա  բերել հետները Հայաստան։  «Սա այն դեպքերից է, որ պետք է ասել՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»,-նկատեց նա։

Վարչապետի խոսքով՝ բոլոր հիշյալ եւ Ադրբեջանի այլ  տեղանքներից բռնի տեղահանված հայերը  իրենց իրավունքները հետապնդելու ու փոխհատուցում պահանջելու լիարժեք իրավունք ունեն եւ  կարծում է, որ կօգտվեն դրանք պաշտպանելու պատեհությունից։