Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է ԼՂ հայերի ցեղասպանություն. Փաշինյանը՝ խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է ԼՂ հայերի ցեղասպանություն: «Այս մտադրությունն արտահայտված է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը»,- ասաց վարչապետը և հիշեցրեց, որ 2020թ. նոյեմբերիր 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայվում են 5-ամյա ժամկետով հետագա հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով. «Սա ըստ էության նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»:

«Առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացները ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայերի ցեղասպանության նախապատրաստություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: