Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ավելի լավ է լինեմ հայհոյող հայրենասեր, քան ինտելիգենտ տականք»․ «Դոգ»-ի կողմնակիցները դատարանի առջև արցունքներով ընդունեցին Արտակ Գալստյանի կալանավորման լուրը. տեսանյութ

Այսօր՝ ապրիլի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի շենքի առջև էին հավաքվել «Հանրային ձայն» կուսակցության անդամներն ու որոշ համակիրներ՝ մոտ 30 հոգի, ովքեր պնդում էին, թե Արտակ Գալստյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, իրենց կուսակցության լիդերների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ 

Հավաքվածները նշեցին՝ չեն հեռանա դատարանի առջևից մինչև Արտակ Գալստյանը ազատ չարձակվի։ 

Պաշտպան Հրաչյա Բաղդասարյանը նշեց, որ գործը բավական ծավալուն է, և եթե դատարանը նախօրոք որոշում չունի, թե խափանման ինչ միջոց է կիրառելու, ապա որոշման կայացումը կարող է երկար տևել։ 

Հիշեցնենք, որ նախօրեին ձերբակալվել էր «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, որը Քննչական կոմիտեի հաղորդման համաձայն, նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տիգրան Արզաքանցյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Արզաքանցյանի հետ և պահանջել 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Արզաքանցյանը չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վարդան Ղուկասյանն իր յութուբի տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։

Ներկայում ՀՀ քննչական կոմիտեում քննության առարկա են հիշյալ անձանց առնչությամբ ընդհանուր 46 դրվագ առերևույթ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, շորթման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և այլ հանցագործությունների դեպքեր։

Նշենք, որ դատարանն ի վերջո բավարարեց դատախազության միջնորդությունն, ու Գալստյանը կալանավորվեց։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան