Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարոն Մարգարյանից հօգուտ ՀՀ-ի ավելի քան 1,5 մլրդ դրամ բռնագանձելու գործով նիստում կողմերը ներկայացրին հայցվորի հայցադիմումի հիմքը և առարկան փոփոխելու միջնորդության մասին դիրքորոշումները

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական հերթական նիստը։

Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից և նրա հետ փոխկապակցված 6 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամին համարժեք գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գումարը:

Նախորդ դատական նիստի ընթացքում դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը դատարանում հայտնեց, որ Դատախազությունը փորձաքննություն էր նշանակել 2014 թվականին 1 միլիոն դրամով ձեռք բերված մեքենայի արժեքը պարզելու համար։ Ըստ փորձաքննության պատասխանի՝ տվյալ գույքի միջին շուկայական արժեքը, այդ օրվա դրությամբ, կազմել է 20 միլիոն 500 հազար դրամ, ինչի կապակցությամբ վերահաշվարկ է իրականացվել։

Ստացվել է նաև փորձագետի եզրակացությունը Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցում կատարված շինարարական աշխատանքների, կառուցապատման և ներդրումային արժեքի հետ կապված։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ 2014 թվականին կատարվել է ընդհանուր առմամբ, միջինում 242 միլիոն 745 հազար դրամի շինարարական աշխատանքներ, ինչը նույնպես ներառվել է հաշվարկի մեջ։

Ռուզաննա Խուդավերդյանը հայտնեց նաև, որ 2022 թվականի փետրվարին Տարոն Մարգարյանի քույրերին՝ Անի և Հայկանուշ Մարգարյաններին, նվիրատվությամբ Lexus մակնիշի մեքենաներ են փոխանցվել։ Իրավասու մարմնի դիրքորոշմամբ՝ այդ ավտոմեքենաները, օրենքի իմաստով, շարունակում են պատկանել Տարոն Մարգարյանին։ Հետևաբար՝ Հայկանուշ և Անի Մարգարյանները չեն հանդիսանում բարեխիղճ ձեռքբերողներ։ Դատախազը միջնորդություն է ներկայացրել վերջիններիս որպես նոր պատասխանողներ ներգրավելու կապակցությամբ։

Նշված ավտոմեքենաները դատախազությունը ևս պահանջում է բռնագանձել։

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրեց, թե ինչ հիմքով է Դատախազությունը հանգել նրան, որ այդ գույքերը պատկանում են Տարոն Մարգարյանին։

«Ի սկզբանե այդ գույքերը չէին կարող ձեռք բերվել Սուսաննա Մարգարյանի կողմից՝ հաշվի առնելով վերջինիս եկամուտները։ Դրանք ի սկզբանե դիտարկվել են Տարոն Մարգարյանին պատկանող՝ հետևաբար նաև դրանց հետագայում օտարումը Տարոն Մարգարյանի քույրերին նույնպես դիտարկվել է որպես Տարոն Մարգարյանին պատկանող գույք», - ասաց Ռուզաննա Խուդավերդյանը։

Պաշտպանները իրենց դիրքորոշման մեջ նշեցին, որ Դատախազությունը մեքենաների մասով պահանջում է բռնագանձել 19 մլն դրամ, ինչը չի գերազանցում օրենքով սահմանված 50 մլն դրամի չափը։

«Եթե նույնիսկ ընդունենք երկու գույքերի մասով արձանագրված գումարի չափը, կարող ենք ասել, որ երկու գույքերի միջին շուկայական արժեքը չի գերազանցում 50 մլն դրամը», - նշեց պաշտպանը և ավելացրեց, որ ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե գույքի շուկայական արժեքը հայց ներկայացնելու պահին գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը։

 Պաշտպանը նշեց, որ նոր պատասխանող ներգրավելով և հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելով փորձ է արվում վերը նշված գույքերը ներառել հայցադիմում և ծանրաբեռնել հայցի առարկա կազմող բազմաթիվ պահանջների ցանկը։ Այսպիսով՝ պաշտպանը առարկեց միջնորդության բավարարմանը։
Այսպիսով դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը, հետաձգեց դատական նիստը, իսկ Դատախազության  միջնորդությունը կքննվի առանձին դատական ակտով։
 
Վովա Հակոբյան