Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորտակվե՞ց սեփական ատելության մեջ․ Միքայել Մինասյանը լուռ է, իսկ տապալված «Antinikol» շարժման անդամները հեռանում են ֆեսյբուքից

Խորտակվե՞ց սեփական ատելության մեջ․ Միքայել Մինասյանը լուռ է, իսկ տապալված «Antinikol» շարժման անդամները հեռանում են ֆեսյբուքից
Հասարակություն
14:56, 23 июнь 2021
Հունիսի 20-ի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանի փեսա, «Antinikol» շարժման հիմնադիր, Հայաստանում մի քանի մլրդ դրամի հարկեր թաքցնելու ու փողերի լվացման համար հետախուզվող Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում սգակիր լռություն է։ 

Փաշինյանի ու նրա ընտանիքի հանդեպ յուրօրինակ ատելությամբ առանձնացող նրա ֆեյսբուքյան էջում որևէ նշում չկա, այն դեպքում, երբ մինչ այդ Մինասյանը ուղերձներ էր հղում ընտրողներին ու չէր խորշում անձամբ համակարգել մեդիատեռորը։ Անգամ Փաշինյանին ուղղված անեծքներ էր պատվիրում Ավետ Բարսեղյանին ու դրանք Բարսեղյանի ընթերցմամբ դնում իր էջում՝ ըմբոշխնելու համար։ Իսկ նրա «Antinikol» շարժման անդամները ֆեյսբուքում հրապարակավ հաշվում էին, թե քանի օր է մնացել Փաշինյանի իշխանությանը։ 

Փաստորեն ամեն ինչ զուր էր։ Հանրությունը չգնահատեց Մինասյանի ջանքները ու չմիացավ ատելության նրա հաղթարշավին։ Ավելին՝ անգամ պատերազմի ողբերգական կորուստներից հետո կրկին մերժեց նախկիններին։ 

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահ հաղթանակից հետո «Antinikol» շարժման անդամները հայտարարում են քաղաքականությունից հեռանալու եւ ֆեյսբուքից ջնջվելու մասին։ Թերևս ատելության գրառումների համար իրավական պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ հասկանալով, որ սկսվում է պատասխան տալու ժամանակաշրջանը։ 

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը, օրինակ, գրել է, թե ջնջվում է ֆեյսբուքից եւ եթե պայքարի շրջանակներում իր կարիքը լինի՝ կվերադառնա։

«Antinikol» շարժման մյուս անդամ Արթուր Դանիելյանն էլ գրել է, թե ամեն ինչ արել են, որ փորձեն հասկացնել՝ ոչ մի դեպքում չի կարելի ընտրությունների գնալ: «Ստեղ նույնպես տապալվեցինք: Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից», - գրել է նա։

Քաղաքագետ ներկայացող Հրանտ Մելիք-Շահնազարյանը նույնպես հեռանում է․ «Սիրելի ընկերներ, եկել եմ հրաժեշտ տալու։ Մի որոշ ժամանակով։ Ինձ էլ, ձեզանից շատերին էլ հանգստանալ է պետք մի քիչ»։