Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մերձավանում կենսաքիմիայի լաբորատորիա է բացվել

Մերձավանում կենսաքիմիայի լաբորատորիա է բացվել
Գիտություն
11:05, 28 октябрь 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում մասնակցել է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կենսաքիմիայի լաբորատորիայի բացմանը: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:



Միջոցառմանը ներկա էին նաև Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը և ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը։


Կենսաքիմիայի լաբորատորիայում նախատեսվում է մոլեկուլային գենետիկական մեթոդների կիրառմամբ իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի նույնականացում, սորտերի գենետիկական անձնագրավորում, սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիության հավաստում:


«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են լաբորատորիայում, ծանոթացել ներդրված սարքավորումներին և նախատեսվող հետազոտման աշխատանքներին։


Կենսաքիմիայի լաբորատորիայի կահավորմանը և սարքավորումների ձեռքբերմանն աջակցել է Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) Եվրոպական միության և Ավստրիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA) ծրագրի շրջանակներում: