Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լինելու է առավելագույնը 8 պետական բուհ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին. Ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակում. Փաշինյան․ տեսանյութ

«Բուհական բնագավառում նույնպես բարեփոխումների մեկնարկը այլևս չի կարելի հետաձգել, և ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար»,- այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել. «Ընդ որում, պետական բուհերում թափուր է մնացել տեղերի շուրջ 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը, չնայած կան պետական բուհեր, որոնցում վիճակագրությունը մոտ է մասնավորին»:

Վարչապետն ընդգծեց, որ մեր բուհերը հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. «Մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես որ կունենանք առավելագույնը 8 պետական բուհ, որոնք լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»:

Ինչպես նշեց վարչապետը, ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակում, և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շատ բուհերում, երբ դռան մոտի ցուցանակը հանում ես, ընդամենը դառնում է վարձով տարածք. «Բացի դրանից, Հայաստանն անընդհատ միջազգային սկանդալների կիզակետում է հայտնվում, որովհետև տեղեր կան, որ միայն այդ ցուցանակն է ու մի հատ քսերոքս, որով դիպլոմ են բաժանում»: