Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ Կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Արագածոտնի մի շարք դպրոցներում․ կարմիր ժապավենները ԱԺ պատգամավորների հետ կտրեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

ՀՀ Կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Արագածոտնի մի շարք դպրոցներում․ կարմիր ժապավենները ԱԺ պատգամավորների հետ կտրեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը
Գիտություն
16:29, 08 июль 2023
Կառավարության «Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում  Արագածոտնի  մի շարք դպրոցներում վերանորոգման ծավալուն աշխատանքներ են ընթանում, իսկ որոշներն արդեն ավարտվել են, ինչը գեղեցիկ առիթ է դարձել կարմիր ժապավեններ կտրելու և մշակութային միջոցառումներ  նախաձեռնելու։ 
 
Այս կապակցությամբ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հրավերով, այսօր Արագածոտնի մարզում էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը, որոնք  ծանոթացել են Արտենիի թիվ 1 միջնակարգ և Արտենիի հիմնական դպրոցներում Կառավարության ֆինանսական միջոցներով իրականացված  աշխատանքներին, մասնավորապես,  վերանորոգված միջանցքներին ու հանդիսությունների սրահին։ 

Պատվավոր հյուրերին տնօրենները, ուսուցչական կազմն ու աշակերտներն ընդունել են աղուհացով։ Կարմիր ժապավենները կտրելուց հետո տնօրենները շնորհակալական խոսքեր են հղել մարզպետի աշխատակազմին, Կառավարությանը՝ կրթական հաստատություններին պատշաճ ուշադրություն հատկացնելու համար։     

Մարզպետ Սերգեյ  Մովսիսյանը  շնորհավորանքի խոսքում ընդգծեց, որ Կառավարության՝ դպրոցների շենքային պայմանների բարելավման ծրագրերը առանցքային նշանակություն ունեն  կրթության զարգացման համատեքստում, և մարզպետի աշխատակազմն իր հերթին, իր լիազորությունների շրջանակում առավելապես աջակցում է ծրագրերի իրականացման ու պատշաճ կատարման գործընթացին։ Մասնավորապես, մարզպետի հանձնարարականով նախորդ տարի ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է մարզի  բոլոր դպրոցների խնդիրները՝ ըստ առաջնահերթության դրանց լուծում տալու նպատակով, ինչը հաջողությամբ կյանքի է կոչվում։ 
 
Սերգեյ Մովսիսյանը վստահություն հայտնեց, որ բարենորոգ ու ժամանակակից միջավայրը շահադրդելու է աշակերտներին ավելի լավ սովորելու, իսկ այս ծավալի դպրոցաշինական ծրագրերի արդյունքում առաջիկայում մարզն ունենալու է ժամանակակից կրթական միջավայր։ 

Թալին համայնքի տաղանդավոր աշակերտները հյուրերի ուշադրությանը ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները, հայրենասիրական պարային ու երաժշտական կատարումները, արժանացան հիացական ծափահարությունների։ 

Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը իր ելույթում ասաց, որ դպրոցի պայմանների բարելավումը ոչ միայն ուղղված է աշակերտների առաջադիմության բարձրացմանը, այլև նրանց մեջ ճաշակ ու էսթետ մարդու տեսակ ձևավորելուն և զարգացնելուն։ 

Այսօր կարմիր ժապավեն կտրվեց մարզի ևս 2 դպրոցներում, որոնք տոնեցին վերանորոգված մարզադահլիճների բացումը․ մինչ պատգամավորների այցը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Թալինի  համայնքապետ Տավրոս Սափեյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ ներկա գտնվեց Դավթաշենի Ա․ Վարդանյանի անվան միջնակարգ և Ակունքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճների բացման արարողություններին, որոնք  նշանավորվեցին  մարզական ու մշակութային գեղեցիկ ցուցադրություններով։    
    
Հավելենք, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում Կառավարությունը Արագածոտնի մարզի 15 դպրոցների համար տրամադրել է 230 մլն 624 հազար ՀՀ դրամ։